Եղոյի աշակերտուհին


16:11 , 27 մայիս, 2022
Պարզվում է՝ Նիկոլի «եղոն» կարճ ժամանակհատվածում հետևորդներ է ձեռքբերել:

Մասնավորապես՝ ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցում հնչած ճշտող հարցին, թե արդյոք Արցախի հարցում համամի՞տ է իշխանության վարած հանձնելու քաղաքականության հետ՝ օրերս պատգամավոր դարձած միջնակարգ կրթությամբ Գայանե Եղիազարյանն, ակնհայտորեն ազդված թիմակից Եղոյան Արմանի՝ վերջերս ծնած «տիտանական» գաղափարից, ասել է. «Այսինքն` մեր մո՞տ էր, հա՞, Հայաստանի Հանրապետության կազմո՞ւմ էր, հիմա էլ հանձնո՞ւմ ենք: Կարող ենք բոլորս էլ պնդել, թե Արցախը մերն է, մերն է, բայց ինչպե՞ս է դիտարկում աշխարհի հասարակությունն ու առհասարակ բոլոր երկրները: Քանի դեռ չկան ճանաչված սահմաններ, ճանաչված որպես անկախ պետություն կամ Հայաստանի կազմում, չենք կարող պնդել, թե Արցախը Հայաստանի մասն է: Մենք, որպես հայ ազգ, միշտ էլ նույն կերպ ենք ընկալում նաև Արևմտյան Հայաստանը, որովհետև մեր պապերի տունն է եղել և համարում ենք որպես հայրենիք, բայց կա պարզ իրողություն և իրավական փաստեր»:

Նկատենք, որ վերջերս էլ Եղոյանն էր նմանատիպ մի միտք արտահայտել. իբր Արցախն երբ է եղել մերը, որ մի հատ էլ Նիկոլը հանձնի:

Փաստորեն՝ նոր «կրուտիտ» է հասունանում ՔՊ-ականների շարքերում, որը յուրատեսակ դրսևորում է ստանում կոնկրետ օրերս պատգամավոր դարձած ՔՊ-ական տիկնոջ բերանում: Սրանք կոչ են անում Արցախը դասել կորսված Վանի ու Մուշի կողքին՝ համակերպվելով հիմա էլ մեր հայրենիքի արցախյան հտվածի կորստի հետ: Ասել կուզի՝ Արցախը կիսելու է Արևմտյան Հայաստանի ճակատագիրը, և ինչպես այնտեղ երիտթուրքերը ցեղասպանություն իրականացրեցին, նույնն էլ սպասվում է արցախցիներին, և այդ ամենը՝հանուն «աշխարհի հասարակության»: Ահա սա է ոչ բարով ՔՊ-ականի ասածը:

«Մեղադրելու չէ. վերջ կունենա, կուգա ու կերթա…»: