13:22 , 28 օգոստոս, 2013
Ժողովուրդ ջան, ես իհարկե հասկանում եմ, որ մեր իշխանությունները, մեղմ ասած, ամենահաջողվածը չեն հնարավոր տարբերակներից, որ շատերս չենք սիրում նրանց, շատերս էլ օր ու գիշեր նրանց հեռացումն ենք երազում քաղաքական բեմից, բայց չեմ ընդունում այն դիշովի գործիքների կիրառումը, որոնք վերջին շրջանում օգտագործվում են ինչ-ինչ մարդկանց կողմից` իշխանություններին կամ նրա սպասարկուներին վարկաբեկելու համար:
Արդեն քանի օր է` համացանցում մի լուսանկար է տարածվում, որտեղ ոստիկանն իբր թե համբուրում է ակտիվիստին: Տարածողներն ասում են, որ դա անառակություն է, ստորություն, սրիկայություն, ու որ գտնելու են այդ ոստիկանին ու… Կրակի վրա յուղ լցնողներն այնքան շատ են, որ էլ մարդ չմնաց, որ իր կարծիքը սրա մասին չասի: Աղմուկն էլ այնքան բարձր է նկարի շուրջ, որ չես համարձակվում անգամ չհավատալ հրամցվող ինֆորմացիային, չէ՞ որ բոլոր ընկերներդ, ծանոթներդ դրան արդեն հավատացել են:
Ախր նման քաշքշուկների ժամանակ, որտեղ հազարավոր նման կադրեր են նկարվում, մի կադրն էլ հնարավոր է, որ այդպես ստացվի, բայց պե՞տք է որ դրան այդպիսի աստառ տալ: Ժողովուրդ, ոստիկանն ինչպե՞ս կարող է նման բան անել: Դուք հո չե՞ք ցնդել:Նա ախր ընդամենը այդ կնոջը/աղջկան մի կողմ էր քաշում: Ի՞նչ անենք, թե գլուխը գլխին մի քիչ մոտ է ստացվել: Մնում է մի հատ էլ ոստիկանները սկսեն տեսախցիկների առաջ գեղեցիկ դիրքեր ընդունել, որ լավ դուրս գան կադրերում:
Իհարկե, ոստիկանները, որպես կանոն, առանձնահատուկ մտքի տիտաններ չեն, բայց անմիտ է մտածելը, որ նույնիսկ ծայրահեղ գրգռված հիմարը նման բան կաներ այդպիսի լուսաբանում ստացող միջոցառման ժամանակ: Մազոխի՞ստ է, ի՞նչ է: Ուրիշ դրվագներում ոստիկանը կանանց է հրում, ի՞նչ է, որ այդ պահը մեկը նկարի, ասելու եք, որ ոստիկանը ձե՞ռ է գցում կնոջը: Կամ այն տատիկին, որ տապալեց, այդ պահը ֆոտոյով նկարողը կարո՞ղ էր չէ ասել, որ տատիկին պատրաստվում են բռնաբարել:
Ու ամենավատն այն է, որ բոլորս ասվածին կհավատանք: Մենք պարզապես հակված ենք տարաբնույթ մեծ կամ փոքր, անիրական թե իրական սկանդալներն ուռճացնելու ու հետո հերքումներին բանի տեղ չդնելու:
Հայաստանի պես երկրում, որտեղ գրեթե ոչ մի ուշագրավ բան չի կատարվում, նման մանր բաները աննկատ մնալ չեն կարող: Չէ՞ որ բոլորս խոսք ենք ուզում ասել, չէ՞ որ ուզում ենք կողքինից ավելի լավ քաղաքացի ու ավելի սուր երևալ: Մեզ էլ խոսելու առիթներ են պետք: Ու այս ցանկությամբ համակված` անգամ հակված էլ չենք խորանալու երևույթների մեջ ու շտապում ենք խոսել: Իսկ որոշ մարդիկ դրանից օգտվում են՝ մեր ցասումը շատ հաճախ ուղղելով իրենց հարմար ուղղությամբ:
Ազատամարտիկի նկարը հիշո՞ւմ եք, որ ասում էին, թե Հրաչյա Հարությունյանն է: Բոլորս դրան հավատացինք չէ՞: Տո ինչի՞ եմ հեռու գնում, ինչ-որ մի հիմար գրեց, որ երկնքում երկու լուսին է երևալու ու հազար խելոք չեն կարողանում դա հերքել մինչ օրս, որովհետև մարդիկ արդեն հավատացել են դրան, ու արդեն երկու գիշեր է` երկնքին են նայում, որ լուսիններ գտնեն:
Ինֆորմացիայի ներկա միջոցներով մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելը ստից բան է դարձել: Վիճակն ավելի է վատացնում այն, որ ոչ մեկս չենք ուզում սկանդալը բաց թողնել ու ինքներս արգումենտներ ենք փնտրում սկանդալն ամրապնդելու համար: Ու վերջում այնքան ենք հիասթափվում, որ ինֆորմացիան կեղծ էր: Խնդրանքս է` ինքնակամ մի դարձեք մանիպուլյատորների զոհը և մի դարձեք զոմբի: Պարզապես տրամաբանեք ու ստի օվկիանոս դարձած համացանցից փորձեք առանձնացնել ճիշտը և երբեք ոչ սկանդալայինը:
Հ.Գ.

Այս կոլաժը կարծում եմ լավագույնս է ցույց տալիս, թե ինչպես մամուլը կարող է իրեն հարմար ձևով հանրությանը ներկայացնել դրվագը: Էմոցիաների այն սարսափելի տարբերությունները, որոնք այս երեք նկարն առաջացնում են, ձեզ չի՞ անհանգստացնում: