13:55 , 28 օգոստոս, 2013Նյութի առաջին մասը կարող եք ընթերցել այստեղ:
5.Կայսր Նորտոն Առաջին (կառավարել է 1859-1880թթ. (ոչ պաշտոնական))

19-րդ դարում ԱՄՆ-ն ոչ պաշտոնապես կառավարում էր Նորտոն Առաջին կայսրը: Նա Սան Ֆրանցիսկոյից էր, և ինքն իրեն հռչակել էր «Միացյալ Նահանգների կայսր» և «Մեքսիկայի պաշտպան»: Նորտոն կայսեր իսկական անունը Ջոշուա Աբրահամ Նորտոն էր: Ազգությամբ բրիտանացի Նորտոնը ԱՄՆ էր տեղափոխվել 1849թ.-ին և լինելով հարուստ` կորցրել էր իր գրեթե ողջ ունեցվածքը անհաջող ներդրումներ կատարելու պատճառով: Ֆինանսական խնդիրները հանգեցրին նրա տարօրինակությունների ու երևակայական վեհության ի հայտ գալուն, և 1859թ.-ին նա ինքն իրեն պաշտոնապես հայտարարեց որպես ԱՄՆ կառավարիչ: Տեղական թերթերը Նորտոնի հայտարարությունը որպես հումոր էին ներկայացնում, սակայն շուտով Սան Ֆրանցիսկոյի տեղաբնիկները սկսեցին սիրել ու ընդունել նրան և դիմելիս նշում էին «Ձերդ մեծություն»: Իր կառավարման սկզբում Նորտոնը փորձում էր հրամանագրեր արձակել, որպեսզի լուծարեր «կաշառված» ԱՄՆ կոնգրեսը և իրեն արդեն պաշտոնապես հայտարարեր երկրի կայսր: Սակայն երբ նրա ջանքերը անուշադրության մատնվեցին, նա անցավ տեղական խնդիրների լուծմանը: Հայտնի է, որ նա շրջում էր քաղաքով` ստուգելով ճանապարհներն ու կառույցները, նա նույնիսկ հատել է իր սեփական դրամները, որոնք մեծապես օգտագործվում էին տեղացի առևտրականների կողմից: Նորտոնը աղքատ էր, սակայն նրան թույլ էին տալիս ճաշել Սան Ֆրանցիսկոյի ամենալավ ռեստորաններում: Նրա համար լավագույն նստատեղն էին պահում նոր ներկայացումների բեմադրությունների ժամանակ: Դրա փոխարեն նա իր կայսերական կնիքն էր դնում տվյալ հաստատությունների մուտքի դռներին` որպես վավերացում ու հաստատում: Նորտոնը մահացել է 1880թ.-ին: Տեղական բոլոր թերթերը լցվոլ էին մահախոսականներով, իսկ նրա թաղմանը ներկա էր մոտ 30,000 մարդ:
Ամենատարօրինակ պահվածքը: Բացի ակնհայտ հոգեկան խնդիրներից` Նորտոն Առաջինը հաճախ հետաքրքիր հեռատեսություն էր ցուցաբեում: Նա նշում էր, թե «Ազգությունների լիգա» պետք է կազմավորվի, ԱՄՆ կառավարության` դա քննարկելուց դեռևս տարիներ առաջ: Բացի այդ` նա հրամանագրել էր Օուքլենդն ու Սան Ֆրանցիսկոն միմյանց կապող կամրջի կառուցման մասին, որն ի վերջո իրականություն է դառնում: Սակայն նրա բոլոր հրովարտակները չէին, որ ռացիոնալ էին. այսպես, 1872թ.-ին նա հայտարարեց, որ բոլոր նրանցից, ովքեր Սան Ֆրանցիսկո քաղաքը կհիշատակեն գարշելի «Ֆրիսկո» բառով, կգանձվի 25 դոլար:
4. Օսմանյան կայսր Իբրահիմ Առաջին (կառավարել է 1640-1648թթ.)

Իբրահիմ Առաջինն այլ կերպ հայտնի էր «Խելագար Իբրահիմ» անունով և հանդիսանում էր 16-17-րդ դարերում Օսմանյան կայսրությունը կառավարող խելագար ու դաժան թուրք սուլթաններից թերևս հոգեպես ամենաանհավասարակշիռը: Շատերը հավատացած են, որ նա հոգեկան խանգարմամբ էր տառապում, որը նա միգուցե ձեռք էր բերել առանց պատուհանների կառույցում երիտասարդ հասակում պահվելու հետևանքով: Երբ նրա եղբայրը մահանում է 1640թ.-ին, 23 տարեկան Իբրահիմը ազատ է արձակվում և հռչակվում սուլթան: Առաջին բանը, որ նա անում է, դա կույսերի հարեմ ձեռք բերելն էր: Նա սիրում էր իր հարճերին խմբված տեսնել պալատի այգում ու նրանց հետ լինել: Սիրում էր գեր կանանց և նույնիսկ պատվիրել էր սպասավորներին իր համար գտնել ու բերել ամենագեր կնոջը: Սպասավորները նրա համար 158 կգ կշիռ ունեցող մի կնոջ են բերում «շաքարի խորանարդիկ» մականունով, ով սուլթանի ամենասիրելի հարճն էր: Սակայն սուլթանը միայն շվայտությամբ չէր, որ աչքի էր ընկնում, նա նաև ագահ էր, և նրա մարդիկ հաճախ գողություններ էին իրականացնում` սուլթանին բերելու այն, ինչ նա քմահաճում էր` հագուստ, անուշահոտ յուղեր և այլն: Նա նաև առանձնանում էր իր դաժանությամբ: Բացի այն, որ նա իր քմահաճույքի համար մահապատիժներ էր իրականացնում ու կտտանքի ենթարկում մարդկանց, նա նաև մի անգամ իր փոքրիկ տղային բարկացած ջրի մեջ էր նետել ու դեմքին դանակով հարվածել: Իր շվայտության ու դաժանության պատճառով բավականին շատ թշնամիներ ուներ, որոնք 1648թ.-ին ապստամբելով նրան գերեվարում են` փակելով այն նույն անպատուհան կառույցում, որտեղ նա պահվում էր երիտասարդ հասակում, մինչև որ նա սպանվում է մարդասպանների ձեռքով:
Ամենատարօրինակ պահվածքը: Իբրահիմը հայտնի էր իր բռնկուն, սարսափելի դաժան վարքով: Օրինակ` երբ նա տեղեկանում է, որ իր հարճերից մեկը «դավաճանել է» իրեն, հրամայում է կտտանքների ենթարկել իր հարեմի մյուս կանանց էլ: Երբ նրանցից ոչ ոք չի ասում, թե ով է եղել դավաճանողը, նա իր հարեմի բոլոր 280 կանանց նետում է լիճը` սպանելով նրանց:
3. Իսպանիայի Խուաննա Առաջին թագուհի (կառավարել է 1504-1555թթ.)

Խուաննա դե Կաստիլը, ով այլ կերպ հայտնի էր նաև «Խելագար Խուաննա» մականունով, Հեփսբուգի դինաստիայի առաջին թագոուհին էր, երբ ամուսնանում էր Բուրգունդիայի արքա Ֆիլիպի հետ 1496թ.-ին: Նրանք խելագարի պես սիրում էին միմյանց, ինչը թագավորական հաշվարկված ամուսնությունների դեպքում հազվադեպ պատահող երևույթ էր: Սակայն շուտով ամեն ինչ բարդանում է: Խուաննան խելագարի պես խանդում էր Ֆիլիպին, քանի որ վերջինս սիրում էր տարբեր գրավիչ կանաց կողմ նայել: Այս պատճառով Խուաննան միայն ծեր ու տգեղ կանանց էր ներգրավում պալատական կանանց մեջ: Մի անգամ նա նույնիսկ հարձակվում է մի կնոջ վրա, ում նա կասկածում էր իր ամուսնու սիրուհին լինելու մեջ: Նա գուշակների մոտ էր հաճախում, «սիրո թուրմեր» օգտագործում, որպեսզի ամուսինն իրեն չդավաճանի: Երբ Ֆիլիպը արհամարհում էր նրան, նա նույնիսկ հացադուլ էր հայտարարում կարճ ժամանակով: Հաստատ չենք կարող ասել` արդյոք Խուաննան իսկապես խելագար էր, թե ոչ, սակայն նրա խանդի անզուսպ տեսարաններն ու իր իշխանությունը հաստատելու համար շուրջը տղամադկանց պահելը ի վերջո բերեցին նրան, որ Խուաննային իր կյանքի վերջին տարիներին փակեցին ամրոցում:
Ամենատարօրինակ պահվածքը: Թագուհու տարօրինակություններն ավելի սրվեցին, երբ 1506թ.-ին Ֆիլիպը մահացավ հիվանդությունից: Նա միշտ սև հագուստ էր կրում, անդադար լաց էր լինում: Նույնիսկ մի քանի անգամ բացել է տվել դագաղը, որպեսզի կարողանա համբուրել ամուսնու դիակի ոտքերը: Նա վախենում էր, որ ամուսինը նույնիսկ մահանալուց հետո կարող է իրեն դավաճանել և թույլ չէր տալիս ոչ մի կնոջ մոտենալ Ֆիլիպի դագաղին:
2. Անգլիայի Ջորջ Երրորդ թագավոր (կառավարել է 1760-1820թթ.)

Անգլիայի թագավոր Ջորջ Երրորդը տառապում էր բազմաթիվ հոգեկան խանգարման պարբերական բռնկումներից: Ժամանակակից պատմագետները տեսականորեն ենթադրում են, թե թագավորը պորֆիրիա արյան հիվանդությամբ էր տառապում, սակայն թագավորի բժիշկներին չէր հաջողվում հասկանալ, թե ինչ հիվանդությամբ էր տառապում արքան: Թագավորը կատաղում էր, բղավում, վիրավորում ու անիծում էր սպասավորներին, այն աստճան, որ երբեմն նրանք ստիպված էին լինում հարվածել ու ճնշել նրան կիպ հագուստով: Բժիշկները փորձում էին օգնել բոլոր հնարավոր մեթոդներով, սակայն նրանց ջանքերը թվում էր, թե ավելի էին վատացնում թագավորի վիճակը: Շուտով թագավորը սկսեց պատրանքներ ունենալ: Նա կարծում էր թե Լոնդոնը ջրհեղեղի տակ է անցնում, հրամաններ էր արձակում վաղուց մահացած պաշտոնյաներին և մի անգամ նույնիսկ փորձել է սեռական ոտնձգության ենթարկել սպասավորներից մեկին: Մի անգամ էլ` Սուրբ ծննդյան օրը, նա իր բարձին անվանում է Օկտավիուս արքայազն ու հայտարարում, թե նա նոր է ծնվել: Նրա գիտակցությունը երբեմն տեղն էր գալիս, սակայն շուտով նորից պատրանքները վերադառնում էին: Ավելի ուշ, երբ տարիքի պատճառով նա կորցնում է տեսողությունն ու լսողությունը, նրան պահում են փակի տակ մինչև իր մահը:
Ամենատարօրինակ պահվածքը: Թագավորի ամենատարօրինակ պատրանքներից մեկն այն էր, երբ նա իբր տեսնում է Էլիզաբեթ Սպենսեր անունով մի կնոջ, ում հետ սիրային կապի մեջ է մտնում: Հետո նա սկսեց հավատալ, թե ինքն ու Էլիզաբեթն ամուսնացած են, և որ իր իսկական կինը` թագուհի Շառլոթը, մտադիր է սպանել իրեն:
1. Կալիգուլա (կառավարել է 37-41թթ.)

Կալիգուլան որպես Հռոմի կայսր կառավարել է ընդամենը 4 տարի, սակայն այդ չորս տարին բավական է դարձել, որպեսզի նա հայտնի դառնա որպես պատմության ամենատարօրինակ ու դաժան կառավարիչներից մեկը: Նա ընդամենը 25 տարեկան էր, երբ բազմում է հռոմեական գահին, և իր կառավարման առաջին երկու տարիներին սիրված ու կարող առաջնորդ էր, և քչերն էին կասկածում, որ կայսրն իրականում խելագար էր: Նրա այդ տարօրիանկ զառանցանքները ի վերջո նաև երևան եկան նրա արձակած օրենքներում: Դրանցից մեկի համաձայն` նա անօրինական էր համարում իր դեմքին ուղիղ նայելը, որի համար մարդիկ կպատժվեին առյուծների առաջ նետվելով: Նրան նաև հաճույք էին պատճառում մահապատիժներն ու մարդկանց կտտանքի ենթարկելը, և նա նոր մեթոդներ էր մտածում իր թշնամիներին տանջելու համար (նրա սիրած տարբերակներից մեկն էր մեղրով պատել մարդուն և նրա վրա իշամեղուների պարս բաց թողնել): Կալիգուլան հայտնի է նաև իր շվայտ կյանքով ու սեռական ոչ ավանդական կողմնորոշմամբ, որը ներառում էր բիսեքսուալ հակումներն ու նույնիսկ ինցեստը: Բամբասանքներ էին պտտվում, թե նա իր երեք քույրերի հետ սեռական կապ է ունեցել: Նա նույնիսկ ինքն իրեն կիսաստված էր համարում ու հաճախակի խնջույքներ կազմակերպում: Նա պալատն ամբողջովին վերածել էր հասարակաց տան, ուր տիրում էր այլասերվածությունը: Եվ զարմանալի չէ, որ ի վերջո նրա դաժանությունն ու մտավոր անհավասարակշռությունը դրդում են նրա քաղաքական թշնամիներին սպանել նրան ու ընտանիքին 41թ.-ին:
Ամենատարօրինակ պահվածքը: Կալիգուլայի ամենատարօրինակ արարքը կապված է նրա սիրելի ձիու` Ինցիտուսի հետ: Նա ձիուն ճոխ հագուստ էր հագցնում ու նրան պահում մարմարյա հատուկ ախոռում: Կալիգուլան նույնիսկ թույլ էր տալիս ձիուն խնջույքների ժամանակ ուտել մատուցված ընթրիքի սեղանից: Երբեմն նույնիսկ խնջույքին հյուրերին հրավիրում էին ձիու անունից: Նա նույնիսկ այն աստիճան խելագար հայտարարություն էր տարածել, թե ուզում է իր ձիուն Հռոմի պաշտոնական քաղաքացի ու նույնիսկ սենատի անդամ կարգել: