14:40 , 28 օգոստոս, 2013Ներկայումս Քինգի արտահայտած բազում մտքեր թևավոր խոսքեր են դարձել: Շատերն են գնահատում նրա ավանդը և անգամ սրբացնում նրան: Այնուամենայնիվ, նրա կյանքի մասին կան որոշ փաստեր, որոնց մասին շատերը տեղյակ չեն: Ահա դրանցից մի քանիսը:
10. Բեյարդ Ռաստին

Մարտին Լյութեր Քինգը համագործակցում էր Բեյարդ Ռաստինի հետ քաղաքացիական հասարակության ոլորտում առկա խնդիրների լուծման համար: Բեյարդ Ռաստինն անմիջականորեն մասնակցել է «Վաշինգտոնյան երթ» անունը կրող բողոքի խաղաղ ակցիայի կազմակերպմանը: 1955 թ.-ին Բեյարդին ձերբակալեցին երկու այլ տղամարդու հետ սեռական կապ հաստատելու համար, թեպետ սեռական հարաբերությունները տեղի էին ունեցել առանց բռնության կիրառման: Դրանից հետո Քինգը չխզեց կապերը Բեյարդի հետ, թեպետ հասկանում էր, որ նա հեղինակազրկվել էր շատերի աչքում:
9. Հետապնդումներ Քինգի նկատմամբ

1950-ականներին և 1960-ականներին Հետախուզության դաշնային բյուրոն սկսեց հետևել Քինգին` պարզելու համար` արդյոք նա կոմունիստների համախոհն էր: Երբ Քինգը հսկողության տակ էր, Հետախուզության դաշնային բյուրոյի աշխատակիցները պնդում էին, որ իրենք արձանագրել են, թե ինչպես է Քինգը թեթևամիտ կատակներ անում Քենեդու սպանության մասին և շարունակ խոսում իր սեռական կյանքի մասին: Այնուամենայնիվ, բյուրոյի աշխատակիցների այս պնդումները հաստատող փաստեր չեն հրապարակվել, ուստի պարզ չէ` արդյոք դրանք հավաստի են: Ասում են նաև, թե Քինգն ամուսնացած ժամանակ ունեցել է մի սիրուհի, ում հետ հանդիպել է ամեն օր:

8. Հեղինակային իրավունքների խախտումներ
«20-րդ դարի Ֆոքս» կինոընկերությունը 1963 թ.-ին թողարկեց Քինգի «Ես երազանք ունեմ» ելույթի տեսաերիզը` խախտելով Քինգի հեղինակային իրավունքները: Կինոընկերության դեմ հայց ներկայացվեց` տեսաերիզը շրջանառությունից դուրս հանելու պահանջով: Դրանից հետո դատական հայցերը հաջորդեցին մեկը մյուսին: Հայց է ներկայացվել «USA Today»-ի (ԱՄՆ-ն այսօր) դեմ, քանզի այն վերատպել էր ելույթն ամբողջությամբ: Մի այլ հայց էլ ներկայացվել է CBS-ի դեմ, երբ այն փորձում էր վերահեռարձակել ելույթի տեսանյութը:
7. Իզոլա Վեյր Քարի

1968 թ.-ին տեղի ունեցած Ջեյմս Ըրլ Ռեյի հետ կապված ողբերգական դիպվածից 11 տարի առաջ Քինգի վրա հարձակում կատարեց մի մարդասպան և խոցեց նրա կրծքավանդակը: Այդ ժամանակ Քինգը գրքերն էր մակագրում: Քինգի վրա հարձակում գործողը Իզոլա Քարի անունով մի սևամորթ կին էր, ով տառապում էր հոգեկան խանգարմամբ: Նրա հարձակման հետևանքով Քինգը լուրջ վնասվածք ստացավ և հազիվ փրկվեց մահից: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան աղետալի ազդեցություն կթողներ նրա մահը քաղաքացիական հասարակության շարժումների վրա:
6. Ամենակատաղի բողոքը
Այս բողոքի ակցիան տեղի է ունեցել Չիկագոյում և ոչ հարավում, ինչպես կարելի էր ենթադրել: 1966 թ.-ին կայացած այս ցույցի ընթացքում Քինգի գլխին հարվածեցին աղյուսի կտորով: Քինգը շարունակեց քայլերթը, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, կասեցրեց ծրագրավորված մյուս ցույցերը: Մինչ այս դեպքը նրա տունն արդեն ռմբակոծվել էր Մոնտգամերիում, սակայն դա չէր ընկճել նրա ըմբոստ ոգին:
5. Ազդեցիկ ելույթ Վիետնամի պատերազմի դեմ

1967 թ.-ին Քինգը շատերին վանեց` իր հակապատերազմական գաղափարներն արտահայտելով «Ինչո՞ւ եմ ես դեմ Վիետնամի պատերազմին» խորագրով ելույթում: Նրան քննադատողներից էին նախագահ Լինդոն Ջոնսոնը, «Washington Post»-ի և «Life Magazine»-ի հրատարակչությունները: Նրան մեղադրում էին` ասելով, որ իր այդ տեսակետներով նա դավաճանում է ազգին: Ելույթի տեսագրությունը հետագայում Գրեմիի մրցանակի արժանացավ:
4. Քինգը մահից առաջ այնքան էլ մեծ հեղինակություն չէր վայելում

Վիետնամի պատերազմի մասին արտահայտած Քինգի գաղափարները նրա համախոհների որոշ մասին խրտնեցրել էին: 60-ականների կեսերին Քինգը տարված էր տարբեր դասակարգերի միջև խտրականությունը վերացնելու գաղափարներով: Նա մի ծրագիր էր կազմել, որով նախատեսում էր տասը տարվա ընթացքում հավաքել 50 միլիարդ դոլար և տրամադրել այդ գումարը բոլոր ռասաների սոցիալապես անապահով մարդկանց: Որոշ տեսաբաններ պնդում են, որ նրա մահը ծրագրված էր կառավարության կողմից և միտված էր խափանելու նրա պլանավորած Խաղաղության երթը մայրաքաղաքում: Հարցումների արդյունքում պարզվել է, որ 1968 թ.-ին Քինգի մասին դրական արձագանքները կազմում էին ընդամենը 30%:
3. Քինգի հետնորդները նրա ժառանգության հետ կապված խնդիրներ են ունեցել

Քինգի երեխաներին բազմիցս քննադատել են Քինգի համբավը արատավորելու մեջ: Քինգի երեխաները տարիներ շարունակ դատական գործեր են ներկայացրել իրար դեմ, ինչպես նաև այլոց դեմ: Այս մասին առաջին լուրերը տարածվեցին այն ժամանակ, երբ Քինգի ընտանիքը վաճառեց բազում փաստաթղթեր (հիմնականում ձեռագրեր) Ատլանտա Մորհաուս քոլեջին 32 միլիոն դոլարով:
2. Հետաքրքիր տեղեկություններ կարող են հրապարակվել 2027 թ.-ին

Արդեն նշել ենք, որ Հետախուզության դաշնային բյուրոյի աշխատակիցները որոշակի տեղեկություններ էին արձանագրել Մարտին Լյութեր Քինգի կյանքի վերաբերյալ: 1986 թ.-ին մի դատավորի հաջողվեց արգելել այդ տեղեկատվության հրապարակումը: Այդ տեղեկատվությունն ամփոփված է մոտ 17,000 էջանոց թղթապանակում: Ասում են, որ այն կհրապարակվի 2027 թ.-ին: Լցվենք համբերությամբ և տեսնենք, թե որքանով են հավաստի այս լուրերը:
1. Հետմահու երաժշտական կարիերա

Մի խումբ զվարճասերներ Քինգի լավագույն ելույթները վերածել են երգերի: Դրանք ներկայացված էին յութուբյան Schmoyoho remixed ալիքում: Հետագայում այդ երգերը ջնջվեցին, սակայն նրա երկրպագուները փոխարինեցին դրանք նորերով: Երգերն օգնում են ավելի լավ մտապահել նրա ելույթների տեքստերը: