«Նոլդու», Փաշինյան


11:53 , 23 մայիս, 2022
Մինչ մերոնք չգիտես թե ինչով են զբաղված՝ դեմքի թթված արտահայտությամբ Պապիկյան Սուրիկին պարբերաբար մի դիրքից մյուսը քարշ տալով ու ասենք երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ կազմակեպելով, թշնամին շարունակում է հզորացնել իր ռազմական ներուժն ու «սրել ատամները». ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված միջոցառումների շրջանակում այդ երկրում ստեղծվել է Պաշտպանության ազգային համալսարան՝ ռազմական կրթության ոլորտում կառավարումը բարելավելու նպատակով:

Ադրբեջանն, իհարկե, պատրաստվում է ու պատրաստվում է շատ լուրջ: Իսկ թե ինչին է պատրաստվում, ակնհայտ է. հարմար աշխարհաքաղաքական պայմանների դեպքում ազերիներն առնվազը ճեղքելու են Սյունիքն, իսկ եթե դա էլ մարսեն, Երևանն են «Էրիվան» դարձնելու: Այսինքն՝ մի ձեռքով խաղաղասերի դիմակ քաշելով այունոտ երեսներին՝ մյուս ձեռքով միլիարդների զենք են գնում ու իրենց բանակը համապատասխանեցնում ՆԱՏՕ-ի ստանդարտներին՝ Թուրքիայի միջոցով:

Պատերազմից հետո ՀՀ ՊՆ-ն մատը մատին տվե՞լ է՝ գոնե ինչ-որ կերպ խելքի բերելու բանակը: Գուբախտի ապրանքն՝ ո՞ւր, բանակն՝ ո՞ւր: Նույնիսկ ԳՇ պետ չունենք, է՛լ որտեղի՞ց երազենք պաշտպանության ազգային համալսարանների մասին: Չէ մի չէ՝ Աշոտ Ղազարյան…

Մյուս կողմից՝ բա մեզ բանակ պե՞տք է: Ախր բանակ ունենանք,որ ի՞նչ անենք, որ զենքն ո՞ւմ դեմ շուռ տանք: Թուրքերի՞: Բա կրքոտ սիրո սեզո՞նը, որ գալու է շատ շուտով: Եթե բանակը վերականգնվի, բա Գռզոն ո՞նց փող աշխատի: Ախր էդ սիրո դարաշրջանն առաջին հերթին հենց Գռզոյին է պետք, որ կարողանա իր թուրք ընկերների հետ զույգվել ու այս երկիրը երկիր դարձնել: Եղած զենքերն էլ կհալեն ու կսարքեն զարդեր, կկախեն Աննայի ականջներից, սա էլ Մեհրիբանին հիմա էլ Երևանում թեյ խմելու հրավեր կուղարկի, ու Նիկոլի սիրտը տեղը կընկնի…

«Նոլդու»…