Անդոնի դագաղի խորհուրդը


13:45 , 21 մայիս, 2022
Անդոնը, իբր փորձելով շահեկանորեն տարբերվել ընդդիմադիրներից, հայտարարել էր, թե իրենք եկան թավշյա հեղափոխության շնորհիվ, և որևէ մեկի քթից արյուն չի հոսել, շշանետում տեղի չի ունեցել: Միաժամանակ պատասխանելով լրագրողի այն նկատառմանը, որ փոխարենը կային դագաղներ, սև ժապավեններ ու մարդկանց նկարներ՝ Անդոնը փորձել է բացատրել դրանց խորհուրդը՝ հայտարարելով. «Դագաղներն ուղղված էին, որ անցյալին վերադարձ չկա: Նրանք մեռել են, մահացել են: Միգուցե դագաղները տգեղ էին, բայց դագաղի խորհուրդը նա էր, որ այլևս դուք մահացել եք, չկաք: Ֆիզիկական մահվան մասին չի: Դուք մահացել եք որպես տվյալ երկրի կառավարիչներ, և պետք է նոր սերունդը գա…»:

Անդոնի թեթև ձեռամբ դագաղն այսուհետ ձեռք է բերում նաև ընդգծված քաղաքական արժեք. առանց դրանց օտարերկրյա ագենտուրան (ըստ օդում կախված լուրերի և ոչ միայն), փաստորեն, չէր կարողանալու իր քաղաքական ուղերձը տեղ հասցնել ու մարդկանց բացատրել, թե որքան «պուպուշ» են իրենք ու որքան «քըխ» են նախկինները:

Անդոնն, սեփական աչքի գերանը թողած, ուրիշի աչքերն է փորփրում ու մազ փնտրում ձվի մեջ՝ ապացուցելու ընդդիմադիրների՝ բռնության նկատմամբ սերն այն դեպքում, երբ բոլորի աչքի առաջ է այս օրերի ողջ քրոնիկոնը՝ չնայած որ որոշներ, այդ թվում՝ «մեծն» միջազգային հանրությունը չտեսնելու է տալիս կատարվողն ու թև տալիս անդոններին՝ շարունակելու նույն ոճով ու տեմպով. ա՛յ որ ընդդիմադիրները շիշ չշպրտեին, այսօր մարդկանց աչքը չէր դուրս գա, զոհերի ծնողները չէին ձերբակալվի…

Տեսնես եթե հիմա ընդդիմադիրները նույն այդ դագաղներով տրյուկը կրկնեն ու Անդոնենց տուն մի լաքապատած սև դագաղ ուղարկեն, ի՞նչ արձագանք կստացվի…

Ինչպես կյանքը ցույց տվեց, Նիկոլի դագաղներն իրականում խորհրդանշական էին. ընդամենը 2 տարի հետո Հայաստանը պետք է լցվեր հազարավոր դագաղներով ու լալկան մայրերով: Իսկ պատերազմ եղավ, որպեսզի անդոնները փրկեն իրենց հետույքներն ու ձեռքի հետ էլ ուղիղ եթերներում դագաղաբանությամբ զբաղվեն: