Չստացված PR


18:34 , 14 մայիս, 2022
Դեմագոգիա տարածելուն ու թուրքական օրակարգ առաջ տանելուն զուգահեռ իշխանական դեմքերը կպած առաջ են տանում նաև երկրում իբր տնտեսական առաջընթացի մասին կեղծ թեզը՝ ժամանակ առ ժամանակ «կախվելով փրփուրներից»: Օրինակ՝ Հայաստանի բիզնես գուրու Գռզոն, վերջերս գովաբանելով Նիկոլի իշխանությունը, հայտարարել էր, թե Հայաստան աննախադեպ ծավալի արտարժույթ է մտնում՝ դա համարելով տնտեսական ծաղկման անբեկանելի ցուցիչ:

Ըստ երևութին՝ Գռզոյի «ջրաղացին ջուր լցնելու» նպատակով ՔՊ-ական Պապոյան Գևորը աչքալուսանք է տվել, թե բա՝ 2022թ. հունվար-մարտին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 560․7 մլն դոլար, ինչը 155.1 մլն դոլարով կամ 38.2%-ով ավել է 2021թ. և 207.1 մլն դոլարով կամ 58.6%-ով ավել է 2020թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից: Պապոյանին ոգևորել է հատկապես այն, որ 2022թ. հունվար-մարտին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր փոխանցված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 187.1 մլն դոլար, ինչը 58 մլն դոլարով կամ 44.9%-ով ավել է 2021թ. և 99․7 մլն դոլարով կամ 14.1%-ով ավել է 2020թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից:

Այն, որ երկրում վալյուտա է մտնում, անխոս, որոշակի աշխուժություն կարող է մտցնել տնտեսությունում, բայց հարցն այն է, որ համարել այդ երևույթը՝ բացարձակ հաղթանակ կամ իշխանությունների վարած խոհեմ քաղաքականության արդյունք, ոչ մի կերպ չի ստացվում,քանի որ այդ գումարների բացարձակ գերակշիռ հատվածը դրսից ստացվող մասնավոր փոխանցումներն են: Ավելին՝ այդ ցուցանիշները կարելի է նույնիսկ մտահոգիչ համար. դրսից ստացվող դրամական փոխանցումների ավելացումը խոսում է այն մասին, որ բնակչության մի զգալի հատված շարունակում է նստած մնալ դրսից ստացված փողերի վրա՝ չունենալով հնարավորություն՝ երկրի ներսում աշխատելու ու նորմալ եկամուտ ստանալու: Այսինքն՝ Գռզոյի հպարտության առարկան այնքան էլ հպարտանալու բան չէ, եթե փորձ ես անում մի փոքր խորանալ խնդրի էության մեջ: Մեծանում է արտագաղը, մեծանում է դրսից ուղակվող փողը, ավելանում է գործազրկությունն, ավելանում է դրսի փողի հանդեպ եղած պահանջարկը՝ ահա Պապոյան Գևորի «աչքալուսանքի» իրական էությունը:

Ո՞րն է այստեղ իշխանությունների «հանճարի» գործոնը, պարզ չէ: