«Նավակ ճոճողի» ուշագրավ բացահայտումը


15:23 , 14 մայիս, 2022
Վերջերս հարցազրույցներից մեկում խոսելով ՀՀ ՊՆ ԳՇ պետի թափուր մնացած պաշտոնի ու հնարավոր նշանակման թեմայով՝ «Նավակ ճոճողը» մի ուշագրավ դետալ է բացահայտել խնդրի վերաբերյալ: Պարզվում է՝ նրան անհանգսացրել է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո «ԳՇ վերնախավի»՝ իշխանությունների հանդեպ ունեցած դիրքորոշումը, որը համընկել է ընդդիմության դիրքորոշման հետ: «Առնվազը մի 70-80%-ը՝ վարչության պետերի և անձնակազմի, ստորագրել էին այդ խայտառակ հայտարարության տակ»,-մասնավորապես՝ հայտարարել էր Վիլենը՝ միաժամանակ հայտնելով, որ ներկայիս պաշտպանության նախարարը զբաղված է անձնակազմի ամեն մի անդամի ուսումնասիրմամբ, որպեսզի անձամբ բոլորին շատ լավ ճանաչի:

Ինչպես հայտնի է, երկար ժամանակ է՝ փաստացի պատերազմող երկիրը ԳՇ խետ չունի: Թե ինչ վտանգներով է դա հղի, բացատրելն ավելորդ է: Արդյոք ներկա ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, երբ միանգամայն հավանական է դարձել հայ-ադրբեջանական բախումը, Նիկոլը հերթական դավաճանությունը չի՞ գործում: Ընդ որում՝ դատելով «Նավակ ճոճողի» խոսքերից՝ ԳՇ պետ չի նշանակվում, քանի որ Նիկոլը քաղաքական վախեր ունի: Փաստորեն՝ Նիկոլի վախերի պատճառով ԳՇ պետ ունենալը ՀՀ-ի համար ճոխություն է դարձել:

Միաժամանակ ուշագրավ է Պապիկյանի մասով հնչած խոստովանությունը: Այդ պատմաբանի միակ առաքելությունը փաստացի բանակի վերնախավը նիկոլականացնելն է, սպաների նկատմամբ անձնական վերահսկողություն սահմանելը, և, ըստ էության, հենց այս պրոցեսի ձգձգումն է, որի հետևանքով չի լուծվում ԳՇ պետի նշանակման հարցը, ինչն ուղղակի խայտառակություն է:

Իշխանությունների վախը՝ բանակից, բացատրելի է. խնդիրը պետության հնարավոր երկրորդ կապիտուլյացիան նույնպես մարսելն է, ինչը պարտադրում է ունենալ բացարձակ հլու-հնազանդ սպայական կազմ՝ առնվազը վերևներում: Իսկ այն, որ սրանց իշխանության մնալու դեպքում երկրորդ կապիտուլյացիան կայանալու է, կասկած չկա ուղղակի. ամեն ինչ դրան է գնում: