Հայաստանում կա շուրջ 3 500 ՄԻԱՎ վարակով ապրող մարդ


18:46 , 27 օգոստոս, 2013

Հայաստանում կա շուրջ 3 500 ՄԻԱՎ վարակով ապրող մարդ Panorama.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի եվրոպական տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ժան-Էլի Մալկինին, հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ Ողջունելով հյուրին, Դերենիկ Դումանյանը բարձր է գնահատել գրասենյակի ջանքերը Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ։ Նա միաժամանակ նշել է, որ թեև արդյունքներն ակնհայտ են, սակայն դեռևս շատ անելիքներ կան։

Ժան-Էլի Մալկինը ևս ընդգծել է Հայաստանի ձեռքբերումները ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ին հակազդման գործում` առանձնացնելով հատկապես այն, որ իրականացված միջոցառումների շնորհիվ 2007-ից ի վեր վարակակիր մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման որևէ դեպք չի արձանագրվել, իսկ 2001-ից ի վեր չի եղել դոնորական արյան միջոցով փոխանցման ոչ մի դեպք: Նրա կարծիքով, տարածաշրջանում շահեկան դիրք ունենալուն նպաստում է նաև այն հանգամանքը, որ կանխարգելիչ աշխատանքները հավասարապես կիրառվում են ինչպես Երևանում, այնպես էլ` մարզերում։

Ներկայացնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր ռազմավարությունը, ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը նշել է, որ ծրագրի նոր փուլ է սկսվել, ինչը ենթադրում է բուժման առաջնահերթությունն ամբողջ աշխարհում։ Այն դիտարկվում է ոչ միայն անհատի առողջացման, այլև հիվանդության հետագա տարածման կանխարգելման արդյունավետ միջոց։ Ժան-Էլի Մալկինը նշել է, որ այս առումով դեռևս լուրջ անելիքներ կան նաև Հայաստանում։

Իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ հաշվարկային տվյալներով Հայաստանում կա շուրջ 3 500 ՄԻԱՎ վարակով ապրող մարդ։ Հիմնական խոցելի խումբը ներկայումս աշխատանքային միգրանտներն են` կազմելով 2012թ. գրանցված ՄԻԱՎ վարակի դեպքերի 60 տոկոսից ավելին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ