Մսխել են պետության փողերը՝ միլիոնավոր դոլարներ. Ահա թե ինչպես են Նիկոլ Փաշինյանը և Արսեն Թորոսյանը պայքարել Քովիդի դեմ


23:50 , 5 մայիս, 2022

168.am-ը գրում է.

Կորոնավիրուսի՝ քովիդի դեմ պայքարելու համար կառավարությունը պետական բյուջեից միլիարդավոր դրամներ է հատկացրել։ Միայն 2020թ., երբ համավարակը նոր էր սկսել տարածվել, այդ նպատակի համար տրամադրվել է շուրջ 26,5 միլիարդ՝ շուրրջ 55 մլն դոլար։ Թե ինչպե՞ս են անխնա ու անհաշիվ ծախսվել այդ գումարները, տեսնում ենք Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության մեջ։

Ուսումնասիրությունը կատարվել է 2020թ. արդյունքներով, երբ նախարար էր Արսեն Թորոսյանը, ով հիմա Ազգային ժողովի իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության անդամ է։

Այն, ինչ արձանագրել է Հաշվեքննիչ պալատը, պարզապես ապշեցնում է։ Հայտնաբերվել են բազմաթիվ աղաղակող փաստեր ու խախտումներ, չհիմնավորված ու անարդյունավետ ծախսեր, անհամապատասխանություններ ու խեղաթյուրումներ, անկազմակերպ ու փնթի աշխատանք։ Դեռ չհաշված, որ պահանջված տեղեկատվության ոչ լիարժեք և ոչ ժամանակին տրամադրելու, տրամադրված տեղեկատվության մեջ առկա բազմաթիվ անճշտությունների հետևանքով հնարավոր չի եղել բացահայտել ամբողջ պատկերը։

Միտումնավո՞ր են այդպես արել, թե՞ ոչ, դժվար է ասել։ Բայց այդ փաստն արդեն իսկ կասկածների տեղիք է տալիս։ Հատկապես որ, դա հնարավորություն չի տվել ստանալ որոշ կարևոր հարցերի պատասխաններ, այդ թվում՝ թեստավորման հետ կապված։ Թեստավորման պրոցեսում հանդիպել են հազարավոր դեպքեր, երբ թեստերի արդյունքները համակարգ են մուտքագրվել երբեմն մինչև անգամ մի քանի օր ավելի շուտ, քան թեստի հանձնման ժամկետը։

Մեկ այլ դեպքում նախարարությունը խուսափել է տրամադրել նախարարի հրամանով հաստատված՝ բուժման սակագների հաշվարկի մեթոդաբանությունն ու հիմնավորվածությունը, ինչը, ըստ Հաշվեքննիչ պալատի, հնարավորություն չի տվել գնահատել դրանց ծախսային արդյունավետությունը։

Թե ինչո՞ւ է նախարարությունն այդպես վարվել, այլ հարց է։ Բայց դա համավարակի շրջանակներում ծախսված միջոցների հնարավոր չարաշահումների հետ կապված ամենակարևոր հարցերից մեկն է։

Հաշվեքննիչ պալատը, ուսումնասիրության արդյունքներով, մեկ անգամ ևս փաստել է, որ կառավարությունն ու առողջապահության նախարարությունը բացարձակ անպատրաստ են եղել դիմակայելու համավարակին, չնայած վաղուց արդեն այն սկսել էր տարածվել ամբողջ աշխարհում։

«2020թ. մարտ ամսին, երբ ՀՀ-ում արձանագրվեց հիվանդության դեպքերի աճ, պարզվել է, որ լիազոր մարմինը չունենալով համապատասխան ռազմավարական գործողությունների և համաճարակների կառավարման պլան, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում ծավալվող միջոցառումների ծրագիր, հիվանդության կանխարգելման, համաճարակի առանձնահատկությունները հաշվի առնող համարժեք որևէ աշխատանք չի իրականացրել, այն դեպքում, երբ համավարակն աշխարհում տարածվում էր սկսած 2019թ. վերջերից»,- արձանագրել է Հաշվեքննիչ պալատը։

Եվ սա բոլորովին զարմանալի չէ, եթե հիշենք, թե համավարակի տարածման սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանն ինչպիսի արհամարհանքով էին արտահայտվում այդ վտանգավոր վիրուսի վերաբերյալ, որի պատճառով, գոնե ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսի հետևանքով 8622 մարդ է մահացել։ Մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, պատրաստվում էր պինցետով քաշել ու տնական արաղով ախտահանել.

«Ու էդ կորոնավիրուսներին իրար հետ հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք և ուղարկենք իրանց գործերին»,- Վայոց ձորում հայտարարել էր նա, դե, իսկ մյուսը՝ Արսեն Թորոսյանը, համարում էր, որ դա հատուկ վտանգավոր վարակ չէ։

Այսպիսի արհամարհական մոտեցմամբ էլ պայքարում էին Քովիդի դեմ։

Զարմանալի չէ, որ հետևանքներն էլ, որոնք հազարավոր մարդկային կյանքեր արժեցան, երկար սպասեցնել չտվեցին։

Առողջապահության նախարարությունում Հաշվեքննիչ պալատի իրականացրած հաշվեքննության արդյունքում արձանագրվել է, որ հատկացված ֆինանսական միջոցները նպատակային և ծախսարդյունավետ ձևով չեն օգտագործվել։

«Մասնավորապես՝ 974,018.8 հազար դրամի (շուրջ 2 մլն դոլար,- հեղ.) չափով աշխատավարձ և պարգևավճար է հատկացվել ԱՆ ենթակայության կազմակերպությունների, որոնք որևէ իրավական ակտով ներառված չեն եղել Նոր կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունների ցանկում։ Պարգևավճար է հատկացվել փաստացի դեպքով ֆինանսավորվող ԲԿ-ներին՝ 58,562.0 հազար դրամի չափով (շուրջ 121 հազար դոլար,- հեղ.)։ Թվով 7 բժշկական կառուցների հատկացվել է 148,248.0 հազ. դրամ (շուրջ 308 հազար դոլար,- հեղ) պարգևավճար, այն դեպքում, երբ վերջիններս որևէ իրավական ակտով չեն համարվել համապատասխան ծառայություններ իրականացնողներ։

Շինարարության և գույքի ձեռքբերման նպատակով 1,826,135.2 հազար դրամ (շուրջ 3,8 մլն դոլար,- հեղ.) միջոցներ են հատկացվել կազմակերպությունների, որոնք ոչ պահպանման, ոչ էլ առանձին դեպքերով ֆինանսավորվող կազմակերպությունների ցանկում ընդգրկված չեն եղել։

Միջոցներ են հատկացվել նաև ԱՆ համակարգից դուրս այլ կազմակերպությունների՝ 448,472.9 հազ. դրամի չափով (ավելի քան 933 հազար դոլար,- հեղ.) և այլն։

Հատկացված միջոցներից 3,455,436.9 հազար դրամ (շուրջ 7,2 մլն դոլար,- հեղ.) օգտագործվել է ոչ թե հիվանդության կանխարգելման ու բուժման, այլ՝ Նախարարության ու նրա ենթակայության ԲԿ-ներին, ՊՈԱԿ-ներին, ՓԲԸ-ներին աշխատավարձ ու պարգևավճար վճարելու, այդ կազմակերպություններում շինարարություն իրականացնելու, դրանց նյութատեխնիկական բազան համալրելու նպատակով»,- արձանագրել է Հաշվեքննիչ պալատը։

Հաջորդ արձանագրումն այն է, որ վերապրոֆիլավորված ԲԿ-ներին հատկացվել է փաստացի կատարված աշխատավարձի ծախսերից շուրջ 152,2 մլն դրամով կամ 316 հազար դոլարով ավելի փոխհատուցում։ Եղել են մեկ պացիենտի մեկ համակարգչային տոմոգրաֆիայի դիմաց բազմակի վճարման դեպքեր։

Համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների պլանավորման գործընթացը, ինչպես նաև ֆինանսավորման մեխանիզմները նպատակային արդյունավետ չեն եղել։ Առողջապահության նախարարությունը չի իրականացրել համավարակի կանխարգելման, համաճարակի առանձնահատկությունները հաշվի առնող և, ընդհանրապես, դրան համարժեք ռազմավարական կառավարման պլանավորման աշխատանքներ։ Կառավարության հատկացրած ֆինանսավորման համար չի սահմանվել ծախսային ուղղություններ և ոչ ֆինանսական ցուցանիշներ։ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստացի ծախսերի վերաբերյալ նախարարությանը հաշվետվություններ չեն ներկայացվել, իսկ վերաբաշխում կատարելու և գումար հատկացնելու գործընթացը իրականացվել է առանց այդ հաշվետվությունների և ծախսային հիմնավորումների։

Հաշվեքննիչ պալատի գնահատմամբ՝ «Նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքները տնտեսող ձևով չեն իրականացվել»։

Ծախսերի արդյունավետության գնահատման նպատակով իրականացվել է մեկ պացիենտի բուժման միջին արժեքի հաշվարկ։ Այն կազմել է 378,1 հազար դրամ։ Բայց առանձին բուժհաստատություններում բուժման արժեքը միջինից մինչև անգամ կրկնակի բարձր է եղել։

Ամենաբարձր արժեքը արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ում և կազմել է 745,7 հազար դրամ, որը միջին ցուցանիշից ավելի է 367,6 հազ. դրամով։ Առանձին ամիսների այս բժշկական կենտրոնում մեկ պացիենտի բուժման արժեքը կազմել է ավելի քան 1 մլն 367 հազար դրամ։ Հիշեցնենք, որ մասնավորապես այդ հիվանդանոցի տնօրինությանը և աշխատակազմին որոշում և անձամբ նշանակում էր Արսեն Թորոսյանը՝ իր ընկերական շրջապատից։ 

Հաշվեքննությամբ արձանագրվել են նաև բազմաթիվ այլ թերություններ ու անհամապատասխանություններ։

Երբեմն նույն ապրանքի մատակարարման դիմաց կատարվել են կրկնակի վճարումներ՝ մեկ օրվա տարբերությամբ։ 2020թ. կեսերին փոխանցված գումարները նույնիսկ 2021թ. վերջի դրությամբ դեռ չեն վերադարձվել։

«Տրամադրված տեղեկատվության համաձայն, տեղեկատվական բազայում առկա «Հոսպիտալացում» և «Հոսպիտալացման ամսաթիվ» սյունակներում լրացված տվյալները հավաստի չեն եղել։ Մասնավորապես, «Հոսպիտալացվել է» նշումով դեպքերի թիվը 131950 է, մինչդեռ ըստ հրապարակված վիճակագրական տվյալների՝ դրանց թիվը 80000 չի անցել։ Ավելին, «Հոսպիտալացվել է» նշումով 108873-ի դեպքերից  թեստավորման պատասխանը բացասական է 47792 դեպքում, իսկ թվով 61,081 դեպքի համար որևէ պատասխան չի նշվել»,- նշված է հաշվեքննության մեջ։

Չեն պահպանել գնումների ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները. բոլոր գնումները կատարվել են մեկ անձից։ Դրա հետևանքով մատակարարվող ապրանքների գնագոյացումն իրականացվել է ոչ մրցութային մեխանիզմներով, ինչը, Հաշվեքննիչ պալատի գնահատումներով, ծախսային արդյունավետության ռիսկեր է պարունակել։

Լրատվամիջոցները և փորձագետները վաղուց էին հրապարակել փաստեր, որոնք ակնհայտ էին դարձնում, որ Արսեն Թորոսյանը՝ որպես նախարար, ոչ միայն չէր տիրապետում համավարակային իրավիճակին, այլև իր հակասական հայտարարություններով նպաստավոր միջավայր էր ստեղծում վարակի տարածման համար։ Համավարակի ծանր ժամանակահատվածի համար Նիկոլ Փաշինյանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, ինչպես նաև կառավարության բազմաթիվ այլ անդամներ և նրանց հետ փոխկապակցված անձինք պատասխանատվություն են կրում ոչ միայն հազարավոր մահվան դեպքերի, այլև միլիոնավոր դոլարների մսխման համար։

Ներկայացված փաստերը ամբողջական  պատկերը դեռ չեն արտացոլում: Նոր բացահայտումներն առջևում են: Նաև, թե նշված անձանցից և նրանց շրջապատից ով և որքան միլիոններ կուտակեց և ինչպիսի անշարժ գույքեր ձեռք բերեցին թե Հայաստանում, թե արտերկրում: