18:20 , 27 օգոստոս, 2013Հուլիսի 12-ին «Bonhams» աճուրդի ժամանակ վաճառվել էր «Mercedes-Benz W196» սպորտային մեքենան 19,6 միլիոն ֆունտ ստեռլինգով: Այն դարձել է աճուրդով վաճառված աշխարհի ամենաթանկ մեքենան: Հարուստ գնորդները պատրաստ են վճարել յուրօրինակ մեքենաների պատմության համար և նաև գրել իրենց անունը դրա սեփականատերերի ցուցակում: Ձեր առջև աճուրդով վաճառված ամենաթանկ մեքենաների ցուցակն է:
1. 1954 Mercedes-Benz W196

Գինը: £19,6 մլն
Վաճառման տարեթիվը: 2013
Աճուրդ: Bonhams
Հուլիսի 12-ին տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառված 1954 թվականի սպորտային «Mercedes-Benz W196» միանգամից մի քանի ռեկորդներ է սահմանել: Մեքենան դարձել է «Bonhams» աճուրդի ժամանակ վաճառված ամենաթանկ մեքենան, «Ֆորմուլա 1»-ի վաճառված ամենաթանկ բոլիդը, ինչպես նաև աշխարհի ամենաթանկ «mercedes»-ը: Այս յուրահատուկ մեքենան արտադրվել էր 1954թ.-ին: Հենց այս բոլիդով է իսպանացի մրցարշավորդ Խուան-Մանուել Ֆանիխոն հաղթել Շվեյցարիայի Գրան պրին: Իր ժամանակների համար «Mercedes-Benz W196»-ը տեխնիկապես կատարյալ հատկանիշներ ուներ: Վերջին 30 տարիների ընթացքում այս մեքենան կանգնած է եղել ավտոտնակում: Այն հատուկ չէին վերանորոգում, որպեսզի թողնեին մրցարշավների ժամանակ ստացված խազերը և ջարդվածքները:
2. 1957 Ferrari 250 Testa Rosso

Գինը: $16,4 մլն
Վաճառման տարեթիվը: 2011
Աճուրդ: Gooding & Company
Սա առաջին մեքենան է «Testa Rosso» ընտանիքից, որը հետագայում օգտագործվում էր որպես օրինակ մյուս մոդելների ստեղծման համար: Մեքենան ունի 12 գլանային շարժիչ, որի ծավալն է 3 լիտր և հզորությունը` 300 ձիաուժ:
Սա աճուրդով վաճառված ամենաթանկ «Ferrari 250»-ն է: Նույն մոդելի մյուս մեքենաները ներառված չեն ցուցակում:
3. 1953 Ferrari 340/375 MM Berlinetta Competizione

Գինը: €9,86 մլն
Վաճառման տարեթիվը: 2013
Աճուրդ: RM Auctions
«2013 RM Auctions» աճուրդի ժամանակ վաճառվել էր հազվագյուտ սպորտային «Ferrari 340/375 MM Berlinetta Competizione», որը մասնակցում էր «24 Heures du Mans» մրցարշավին: Այս մոդելից արտադրվել է միայն 3 օրինակ, իսկ վաճառված «Ferrari 340/375 MM Berlinetta Competizione»-ի ղեկին նստել են «Ֆորմուլա 1»-ի չեմպիոններ Մայք Հոտորնը, Ջուզեպպե Ֆարինան և Ալբերտո Ասկարին: Մեքենան ԱՄՆ է եկել 1954թ.-ին, իսկ 1974թ. և 1993թ.-ին ենթարկվել է վերականգնողական աշխատանքների: Մեքենայի նոր տերը հայտնի չէ, բայց հայտնի է, որ նա տեղափոխել է այն Մեծ Բրիտանիա: Մոտ €10 մլն վաճառված մեքենան հագեցված է 340 ձիաուժ հզորությամբ, 4.5 լիտրանոց շարժիչով:
4. 1936 Mercedes-Benz 540K Von Krieger Special Roadster

Գինը: $11,8 մլն
Վաճառման տարեթիվը: 2012
Աճուրդ: Gooding & Company
Թագավորական մեքենան թագավորական գնով վաճառվել է 2012թ.-ին «Gooding & Company» աճուրդի ժամանակ: Խոսքը գնում է «Mercedes-Benz 540K Von Krieger Special Roadster» մոդելի մասին, որն ի սկզբանե ստեղծվել է Պրուսիայի թագավորական ընտանիքի համար 1936թ.-ին: 6 տարի անց մեքենան տեղափոխվել էր Գիզել ֆոն Կրիգեր (Շվեյցարիա), իսկ հետո Ամերիկա: Ավելի քան 40 տարի յուրօրինակ «Mercedes-Benz 540K Special Roadster»-ը կանգնել է ավտոտնակում, մինչև չի փոխել իր տիրոջն ու հիմնովին վերանորոգվել: Մեքենայի թափքը սև գույնի է, իսկ սրահը պատված է Cognac երանգի կաշվով:
5. 1968 Ford GT40 Gulf/Mirage Lightweight Racing Car

Գինը: $11 մլն
Վաճառման տարեթիվը: 2012
Աճուրդ: RM Auctions
Այս «Ford»-ը դարձել է աճուրդով վաճառված ամենաթանկ ամերիկյան մեքենան: «Ford GT40 Gulf/Mirage»-ը դարձել է առաջին բոլիդը` ստեղծված «JWA/Golf» մրցարշավային խմբի համար: 1970թ.-ին մեքենան գնել էր ամերիկացի կոլեկցիոներ Դեվիդ Բրաունը, ով այն վարձույթի հանձնեց «Solar Production» կինոընկերությանը: Նկարահանումներից մեկի ժամանակ հարկավոր եղավ կտրել նրա տանիքը, ինչը բացասաբար ազդեց նրա աերոդինամիկական հատկանիշների և թափքի կոպտության վրա: Մեքենան նկարահանումների էր մասնակցում մոտ 5 ամիս, որից հետո վերականգնվեց նրա իրական տեսքը: Վերջին տարիների ընթացքում «Ford GT40 Gulf/Mirage»-ը մի քանի անգամ փոխել է իր տերերին և մասնակցել պատմական ռալիների:
6. 1931 Duesenberg Model J Whittell Coupe

Գինը: $10,3 մլն
Վաճառման տարեթիվը: 2011
Աճուրդ: Gooding & Company
Այս տարվա գլխավոր ֆիլմի` «Մեծն Գեթսբիի» գլխավոր հերոսի դերակատարը` Լեոնարդո դի Կապրիոն, վարում է դեղին գույնի «Duesenberg» ապրանքանիշի մեքենաներից: Նրանցից ունեցել են Գրետա Գարբոն, Կլաչկ Գեյբլը, Ալ Կապոնեն, Հովարդ Խյուզը և նույնիսկ թագավորական ընտանիքների անդամները: Գովազդը հավաստիացնում էր, որ «Duesenberg»-ը «աշխարհի լավագույն մեքենան է»: Ամերիկյան ապրանքանիշի լեգենդար օրինակն է դարձել «Duesenberg Model J»-ն, որն առաջին անգամ ներկայացրել են հասարակությանը 1928թ.-ին: Միլիոնատեր Ջորջ Վիտտել Կրտսերին այս մեքենան այնքան դուր եկավ, որ նա պատվիրեց իր համար միանգամից 6 մեքենա: Նրանցից մեկը վաճառվել է «Gooding & Company» աճուրդի ժամանակ 10,3 մլն դոլարով: Ի դեպ, Վիտտելը գնել էր այդ մեքենան 17 000 դոլարով:
7. 1967 Ferrari 330 P4

Գինը: €7,25 մլն
Վաճառման տարեթիվը: 2009
Աճուրդ: RM Auctions
2000-ական թվականներին «RM Auctions» աճուրդի տունը առաջարկեց «Ferrari»-ին վաճառքի հանել Մորանելլոյի գործարանում մնացած մեքենաները: Իտալական մեքենաշինական ընկերությունը համաձայնեց, իսկ աճուրդն այնպիսի հաջողություն ունեցավ, որ որոշվեց այն պարբարաբար անցկացնել: 2009թ.-ի մայիսին վաճառվեց «Ferrari 330 P4», որն այլ կերպ անվանում էին «Leggenda e passion»: Արտադրվել է այս տեսակի միայն երեք մեքենա: «Ferrari 330 P4»-ը 1967թ.-ին մասնակցել է Մոնցում տեղի ունեցող 1000 կմ-անոց մրցարշավին և լեգենդար «24 Heures du Mans»-ին: Վերջին տասնամյակների ընթացքում «Ferrari 330 P4»-ը շատ հազվադեպ է հայտնվել հասարակության առջև և միայն մասնակցել է ռետրո մեքենաների մի քանի մրցարշավների:
8. 1931 Bugatti La Royale Type 41

Գինը: $9,7 մլն
Վաճառման տարեթիվը: 1987
Աճուրդ: Christie’s
«Bugatti Type 41»-ը համարվում է երբևէ ստեղծված ամենաշքեղ մեքենաներից մեկը: Նրա առաջին օրինակն արտադրվել է 1926թ.-ին: 1929-1933թթ. արտադրվել է «Bugatti Type 41 Royale»-ի 6 օրինակ, որոնցից յուրաքանչյուն ուներ սեփական անունն ու թափքի տարբեր ձևեր: Այս մեքենան Բուգատտի ընտանիքի սեփականությունն էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն թաքցրել էին պատի մեջ, որպեսզի նացիստները չառգրավեին մեքենան: Մինչև 1950թ.-ը այն գտնվում էր Բուգատտի ընտանիքի մոտ, իսկ հետո վաճառվել էր ամերիկացի մրցարշավորդ և միլիոնատեր Բրիգգս Քաննինգեմին: «Bugatti Type 41»-ը եղել է նրա մոտ ավելի քան 30 տարի, որից հետո անցել է Միլս Կոլյերին, ով հանեց մեքենան աճուրդի 1987թ.-ին: Այն գնվեց անանուն գնորդի կողմից ռեկորդային 9,7 մլն դոլարով:
9. 1962 Ferrari 330 TRI/LM Testa Rossa Spyder

Գինը: €6,88 մլն
Վաճառման տարեթիվը: 2007
Աճուրդ: RM Auctions
Հատուկ «24 Heures du Mans» մրցարշավի համար արտադրված «Ferrari 330 TRI/LM Testa Rossa Spyder» մեքենան վաճառվել էր 2009թ.-ին կայացած «RM Auctions» աճուրդի ժամանակ 7 մլն եվրոյով: Մեքենան այդ մրցարշավի հաղթողն է դարձել 1962թ.-ին, իսկ նրա ղեկին են նստել այնպիսի մրցարշավորդներ, ինչպիսիք են Ֆիլ Հիլլը և Օլիվյե Ժենդեբյենը: Մեքենայի տերը դարձավ անանուն գնորդը, իսկ վաճառքն իրականացվել է հեռախոսազրույցի միջոցով: «Ferrari 330 TRI/LM Testa Rossa Spyder»-ն ունի 390 ձիաուժ հզորությամբ 4 լիտրանոց շարժիչ: Այն գտնվում էր լավ վիճակում: