Բժիշկներին դիմողների մեկ հինգերորդի հիվանդությունները մրսածության հետևանք են


16:28 , 27 օգոստոս, 2013

1in.am-ը գրում  է.

Հաճախ թեթև և անվտանգ թվացող մրսածությունը դառնում է ծանր հիվանդությունների պատճառ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց պրոֆեսոր, հանրապետական անձավաբուժության կենտրոնի ղեկավար Անդրանիկ Ոսկանյանը: 

«Մրսածության հիվանդությունները, որոնք ունենում են շատ լուրջ հետևանքներ, հիմնականում առաջանում են միջանցիկ քամիներից: Ֆիզիկայի օրենքները տարածվում են ամեն ինչի, նաև՝ մարդու վրա: Եվ եթե այդ օդի հոսքի ջերմաստիճանը ամռան ընթացքում, եթե անգամ դրսում 32 աստիճան է, ավելի ցածր է մարդու մարմնի ջերմաստիճանից, ապա այն անցնելով մարդու մարմնի մեջ՝ անպայման առաջացնում է սառեցման զգացում»,- ասաց Անդրանիկ Ոսկանյանը: 

Ըստ նրա` այդ միջանցիկ քամին սովորաբար մարմնի որևէ հատվածի վրա է ազդում` կամ ուսի, կամ դեմքի, կամ մեջքի և այլն: Որ մասով անցնում է միջանցիկ քամին, մարմնի այդ հատվածում առաջանում են խնդիրներ: Երբ մարմինը զգում է, որ կա սառը հոսք, ուրեմն պետք է պաշտպանվել: Գործում է բարդ մեխանիզմ` կծկվում են երակները, և այդ դեպքում արյունն ավելի քիչ է հոսում այդ հատված, փոքրանում են իմունային համակարգի հնարավորությունները, ինչի պատճառով առաջանում են բորբոքումներ: 

«Մարդու օրգանիզմում առկա են բորբոքման բոլոր նպաստավոր պայմանները՝ միկրոբներ, վիրուսներ, որոնք ապրելով մարդու մարմնում՝ սպասում են հարձակման հարմար պահի: Հատկապես թիրախային են լորձաթաղանթային մասերը` շնչառական ուղիները, աչքերը: Դրանք սուր ռեսպերատորային հիվանդություններ են»,- տեղեկացրեց պրոֆեսորը:

Նրա տվյալներով` ամեն երեխա տարեկան 5-6 անգամ հիվանդանում է սուր ռեսպերատորային հիվանդություններով: Հիմնական պատճառը սառը օդն է, միջանցիկ քամիները: Եթե քամու հոսքը խփում է դեմքին, ապա բորբոքվում է դիմանյարդը, ուսին խփելիս առաջանում է հոդերի բորբոքում, մեջքին՝ «ռադիկուլիտն» է սրվում: Դա առաջանում է այն ժամանակ, երբ նրա իմունային համակարգը տկար վիճակում է, կան խնդիրներ: 

Անդրանիկ Ոսկանյանի նախաձեռնությամբ այս տարի խումբ է կազմվել, և հիմնադրվել է «Ռեսպերատոր» բժշկական հայկական ընկերություն: 

«Այս միության նպատակը մեկն է` միացնել, միավորել մեր հանրապետության, Արցախի և Սփյուռքի ուժերը՝ այս խնդիրը հաղթահարելու և լուծելու նպատակով: Մենք անպայման կունենանք նոր որակ առողջապահության ոլորտում»,- ասաց Անդրանիկ Ոսկանյանը: