14:52 , 27 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Այսօր ճարպակալմամբ աշխարհում տառաապում է մոտ 100 միլիոն մարդ, իսկ հիվանդության ծանր ձևերը, կամ այսպես կոչված մորբիդ ճարպակալումը տնտեսապես զարգացած երկրներում հանդիպում է չափահաս բնակչության 3-5%-ի մոտ։ Հայաստանում ճարպակալմամբ տառապող մարդկանց ցուցանիշներ հայտնի չեն, սակայն մասնագետները նշում են, որ նման խնդիր կա:
Ճարպակալումը բազմագործոն, գենետիկորեն պայմանավորված, կյանքի համար վտանգավոր հիվանդություն է` պայմանավորված օրգանիզմում ճարպի ավելցուկային կուտակմամբ: ճարպակալման զարգացման մեջ դերակատարում ունեն բազմաթիվ գործոններ` գենետիկական նախատրամադրվածությունը, նյութափոխանակության անհատական առանձնահատկությունները։ Փոքր չի նաև սնման սխալ սովորույթի և նստակյաց կյանքի դերը։ Ճարպակալումը զարգանում է միայն այն ժամանակ, երբ օրգանիզմ ներմուծված էներգիայի քանակությունը գերազանցում է օրգանիզմի ծախսերին։
Ճարպակալումը կարող է զարգանալ կյանքի ցանկացած շրջանում։ Հաճախ դրան նախորդում են մասնագիտության, բնակության վայրի փոփոխություները, սպորտով զբաղվելու դադարեցումը, հղիությունը և ծննդաբերությունը, դաշտանադադարը, այս կամ այն պատճառից զարգացած երկարատև հիպոդինամիան, էնդոկրին հիվանդությունները, սթրեսները։ Սննդի ընդունման ցանկացած ավելացում, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության նվազումը նախատրամադրում են ճարպակալման։
Ներկայումս տարեկան մոտ 300.000 ամերիկացի և յուրաքանչյուր յոթերորդ եվրոպացին մահանում են ճարպակալման հետ կապված պատճառներից։ 25-35 տարեկան մորբիդ ճարպակալմամբ տառապող մարդիկ մահանում են 12 անգամ ավելի շատ նորմալ մարմնի զանգված ունեցող հասակակիցների համեմատ, իսկ 35-45 տարեկանում՝ 6 անգամ ավելի շատ։
Մարմնի զանգվածի մեծացումը ընդամենը 0,4 կգ-ով 50– 62 տարեկանների մոտ մահվան ռիսկը մեծացնում է 2%-ով։
Ճարպակալումր նպաստում է արգանդի, կրծքագեղձերի, շագանակագեղձի, հաստ աղիքի օնկոլոգիական հիվանդությունների զարգացմանը։