Կոմիտաս 5-ն ու ոստիկանությունը


14:20 , 27 օգոստոս, 2013

Կոմիտաս 5 հասցեում չդիմացան ոչ թե ոստկանության, այլ՝ ամբողջ իշխանության նյարդերը:
Նույնիսկ կարելի է զարմանալ, թե ինչո՞ւ էին այդքան ագրեսիվ ոստիկանները, երբ գործ ունեին բավականին փոքրաթիվ ցուցարարների հետ: 
Խնդիրը հոգեբանական է, եթե կուզեք՝ կապված իշխանության որակի հետ:
Քաղաքացիական շարժման բնույթը, հետեւաբար՝ այն չեզոքացնելու մեթոդներն իշխանության համար խորթ են. նա չի կարող մտնել կոնկրետ օֆիսներ եւ կոնկրետ կուսակցականների պատժել կամ էլ՝ ցուցարներին պատկանող թերթ փակել:
Քաղաքացիական շարժումը ցանցային է, եւ մեր գավառամիտ, խիստ բրգաձեւ իշխանության ֆանտազիան չի հերիքում՝ ավանդական մեթոդներով նրա հախից գալ:
Դա էր պատճառը, որ տրանսպորտի սակագինը դարձյալ 100 դրամ սարքեցին: Իշխանությանը դադար էր պետք՝ ակտիվիստներին փորփրելու, նրանց հետեւում կազմակերպիչներ գտնելու համար:
Բայց նոր լուծումներ չգտան, նոր մտքեր չծնվեցին, վերադարձան իրենց հոգեհարազատ դուբինկային ու ծեծին:
Բացի այդ` իշխանությունը ժամանակ չուներ, իսկ նոր զիջում անել չէր կարող: Դա է ավտորիտար իշխանության բնույթը: Նման իշխանությունը հասարակությանը համարում է հակառակորդ, իսկ հակառակորդին նոր զիջում անելը նշանակում է քայքայել սեփական բուրգը:
Ահա սա է իշխանության ջղաձգության պատճառը: