14:34 , 27 օգոստոս, 2013Lragir.am-ը գրում է.
Կարո՞ղ է արդյոք գլոբալ քաղաքականությունը չունենալ ռացիոնալ նպատակներ: Հնարավոր է՝ սա քաղաքագիտության ու սոցիոլոգիայի, հնարավոր է նաեւ՝ պատմության գլխավոր հարցն է:
20 դար է անցել՝ քաղաքական ոլորտում ռացիոնալ ուղերձների, հիմնավորումների ու խնդիրների լիակատար բացակայության պայմաններում: «Սառը պատերազմի» ավարտը թույլ է տվել ենթադրել, որ համաշխարհային քաղաքականությունը կդառնա ավելի ռացիոնալ, սակայն՝ իզուր, այն դարձել է ավելի «ռոմանտիկ», թեեւ ինչ լավ բան կա «ռոմանտիկությանը» հրաժեշտ տալու մեջ:
1983 թ. մահացավ խոշոր քաղաքական գործիչներից վերջին ռոմանտիկը՝ Յուրի Անդրոպովը, ինչը դարձավ գլոբալ աշխարհքաղաքականության ռեվիզիայի սկիզբը: Լիովին ակնհայտ է, որ նման ռեվիզիան պայմանավորված էր պատմության ընթացքով, սակայն «ռեվիզորներն» անպետք դուրս եկան:
Միջազգային հանրությունը բավական երկար ձգեց իրական նոր, եւ ոչ թե երեւակայական եւ նախաձեռնված սպառնալիքների որոնումները, եւ հանգեց այն ընկալմանը, որ համաշխարհային տերությունները չեն կարող իրական սպառնալիք լինել միմյանց համար: Ամենաակտուալ սպառնալիքը զարգացման դեմոգրաֆիական եւ տնտեսական անհամաչափությունն է, ինչն ինքնին նոր չէ: Սակայն, խնդիրն այն է, որ համաշխարհային ներկայիս առաջնորդները շտապեցին տվյալ գործոնը համարել անիրատեսական, գիտատեխնիկական հեղափոխության պայմաններում:
Սակայն գիտատեխնիկական հեղափոխությունը, մեծ նվաճումներից հետո, հայտնվեց փակուղում եւ թույլ չտվեց համատեղել ինտենսիվ ու էքստենսիվ զարգացման խնդիրները: Պոստ-տնտեսական փուլը (կամ դարաշրջանը) այդպես էլ չհաստատվեց, կամ, ավելի ճիշտ, անիրական դարձավ ռեսուրսների բաշխման կարգավորումը զարգացման ճչացող անհամաչափության պայմաններում:
Իրադարձությունները, կամ ավելի ճիշտ աղետը կանխելու համար ուժի համաշխարհային կենտրոններն առայժմ երկչոտ քայլեր են անում եւ փորձում են ապահովել իմիգրացիոն քաղաքականության փոփոխման լեգիտիմությունը, ինչի հետ բավական սերտ կապված են շատ այլ հարցեր:
Իմիգրացիոն քաղաքականությունը գլոբալ կենսական տարածության վերաֆորմատավորման լայնածավալ քաղաքականության առավել ակնհայտ ու քիչ թե շատ քաղաքակիրթ ոլորտն է: Սակայն, նման մասշտաբային խնդիրների լուծման համար անհրաժեշտ է վերաուղղորդել դեմոգրաֆիական հոսքերը տարբեր մեթոդներով, այդ թվում նաեւ «լոյալ, լեգիտիմ» բռնության մեթոդով:
Ժամանակակից աշխարհում, երբ սոցիալական ստանդարտները հասել են բարձր մակարդակի, տասնյակ եւ միլիոնավոր մարդկանց փախստականության դատապարտելը եւ «նոր-հին» հայրենիքի որոնումն իսկապես աղետ կդառնա պետությունների ու ժողովուրդների մի մասի, եւ միաժամանակ քաղաքական ազատագրում՝ այլոց համար:
Զբիգնեւ Բժեզինսկին հարցնում է, թե ինչու են հանկարծ որոշել, որ Սիրիան անհրաժեշտ է ապակայունացնել, կառավարությունն էլ տապալել: Որեւէ մեկը երբեւէ դա բացատրե՞լ է ամերիկացիներին:
ԱՄՆ-ն իրականացնում է գաղութային եւ ավանդական կայսրությունների ռեցիդիվների արմատական ու հիմնարար վերանայման առաքելությունը, փորձելով (ընդ որում, լիովին անկեղծորեն) այդ քաղաքականությանը տալ տարածաշրջանային բնույթ, ինչը գործնականում անհնար է: Սահմանների գլոբալ վերաձեւումն ունի լիովին ռացիոնալ խնդիր ու նպատակ՝ ազգային ու գլոբալ անվտանգության ապահովումը: Սակայն, նման գաղափարի իրականացումը տարածաշրջանային միջոցներով այդ քաղաքականությունը կդատապարտեր տապալման:
Մերձավոր Արեւելքում տեղի է ունենում ոչ թե պարզապես սահմանների վերաձեւում, այլեւ բնակչության գլոբալ զտում ոմն էթնիկ, կրոնական եւ ցեղային սկզբունքներով: Առանց գլոբալ եւ տարածաշրջանային զտման անհնար է հաստատել քիչ թե շատ ընդունելի կայուն գոյություն 21-րդ դարում:
Միեւնույն ժամանակ, այս քաղաքականությանը մասնակցում են ոչ միայն ուժի համաշխարհային կենտրոնները, այլեւ տարածաշրջանային խոշոր պետությունները, ինչպես նաեւ ոչ մեծ պետությունները, որոնք ունեն մենթալ որոշակի հավակնություններ: Տարբեր պետություններ, հասկանալով համաշխարհային այս միտումները, փորձում են ձեռք բերել աշխարհքաղաքական նոր առավելություններ, իսկ մյուսները՝ պարզապես փրկվել աղետից:
Արեւմտյան հանրությունը փորձում է տվյալ ռեվիզիան իրականացնել, քանի դեռ Չինաստանը տարբեր տարածաշրջաններում չի ծավալել առավել լայն ու բազմանշանակ ներկայություն: Սա հնարավոր ժամանակային չափանիշներից մեկն է, սակայն հնարավոր է կան տարածական եւ ժամանակային այլ սահմանափակումներ:
Ի՞նչն է դառնալու ցեմենտող գործոնը սահմանների նոր կոնֆիգուրացիայի ձեւավորման մեջ՝ էթնիկությո՞ւնը, կրո՞նը, տնտեսությո՞ւնը, թե գաղափարախոսությունը: Երեւում է, ամեն մի առանձին դեպքում գերիշխելու է այս կամ այն գործոնը: Ով հաղթող դուրս կգա՝ դժվար թե ներկայում կարելի է կանխորոշել: Գլոբալ համատեքստում հնարավոր է հաղթող դուրս կգան համաշխարհային տերությունները, իսկ հնարավոր է՝ նաեւ տարածաշրջանային պետությունները, գուցե նաեւ՝ եւ մեկը, եւ մյուսները:
Աշխարհում կան ուժեր, որոնք շահագրգռված են պետական սահմանների ցանկացած վերանայման մեջ (Աբխազիան եւ Օսիան անջատվել են Վրաստանից, Չեչնիան ու Դաղստանը՝ Ռուսաստանից, Տրանսիլվանիան՝ Ռումինիայից, Շոտլանդիան՝ Բրիտանիայից, քրդաբնակ տարածքները՝ Թուրքիայից. միեւնույն է՝ ինչն ինչպես է բաժանվում, կարեւորը բաժանվեն ու մասնատվեն, եւ ցանկալի է՝ արագ, ինչպես շղթայական ռեակցիա):
Ի՞նչ է ներկայում տեղի ունենում Սիրիայում. անկասկած՝ բնակչության զանգվածային զտում, հենց այդ պատճառով էլ Սիրիայի ներկայիս իշխող ռեժիմը շարունակում է գոյատեւել:
Ավելի վաղ, Բուշ-Ռայսի վարչակազմի՝ Մերձավոր Արեւելքում հեղափոխությունների վերաբերյալ առաջ քաշած գաղափարն, ըստ ամենայնի, ենթադրել է ոչ միայն եւ ոչ այնքան գաղափարախոսական, որքան աշխարհքաղաքական վերանայում: Ազատությունն ու ժողովրդավարությունն անհնար են առանց արտաքին բռնությունից եւ այլ ժողովուրդների հանդեպ սեփական բռնությունից ժողովուրդների ազատագրման:
Այն ամեն հետաքրքիրը, որ արվել է ԱՄՆ քաղաքականության մեջ վերջին տասնամյակներին՝ տասնամյակների հաշվարկով, արվել է Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ: Այդ իմաստով, գլոբալ զտման գաղափարը դարձել է այլընտրանք եվրոպական գաղափարին, երբ պետական սահմանները դարձել են ինչ որ «սրբություն»:
Արեւմտյան հանրության երկու բեւեռները փորձում են համատեղել այս երկու հայեցակարգերը, հուսալով հաղթահարել հակասությունները: Հնարավո՞ր է դա: Խնդիրն այն է, որ Եվրոպայի պետություններն ավելի ու ավելի են կիսում ամերիկյան իսթեբլիշմենտի քաղաքականությունն ու հայացքները:
Մարդը չի կարող ազատ լինել, եթե նրա ազգն ազատ չէ: Մի՞թե սա չի համընկնում մեծ կրոնների իդեալներին: