Սյամոն ծլկում է


13:38 , 27 ապրիլ, 2022
Տեղեկությունը, որ պատերազմի օրերին Արցախի ԱԽՔ աշխատած Բաբայան Սամվելը շատերի համար անակնկալ կերպով հրաժարվել է մասնակցել Անդոնի գլխավորած 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, տեղեկատվական դաշտում բավական մեծ աժիոտաժ է առաջացրել: Առայժմ թե՛ իշխանական թիմը, թե՛ անձամբ Սյամոն հրաժարվում են հոդաբաշխ բացատրություն կամ պարզաբանում ներկայացնել տեղի ունեցածի կապակցությամբ՝ չնայած նույն «Իժոն» զլմ-ներից մեկի հետ ունեցած հեռախոսազրույցում հասցրել է բողոքել խաղի կանոնների չպահպանումից՝ հայտարարելով, թե եթե ինչ-որ մեկին անուն ունեն խայտառակելու, իրեն չունեն:

Այդպես էլ երկար ամիսների ընթացքում նորմալ չգործած հանձնաժողովից Բաբայանի ծլկելը չափազանց ուշագրավ է հատկապես այժմ տեղի ունեցող ներքաղաքական թոհուբոհի, ընդդիմության մեկնարկած անժամկետ բողոքի ակցիաների ֆոնին: Այն, որ Արցախի հերոսի յուր կոչումից արագորեն հրաժարված Սյամոյի նման որոշումը չի կարող սովորական կապրիզ լինել, գրեթե հաստատ է. կա՛մ որոշել են ընդհանրապես գործը դեռ չսկսած փակել, պարալիզացնել Անդոնի ղեկավարած հանձնաժողովը՝ կամիկաձե չդառնալու բնական մղումով, կա՛մ Սյամոն, լինելով տեղեկացված մեկը, որոշել է մանրից դաշտից մաքրվել, հեռանալ՝ գուցե կանխազգալով ընդդիմության վերահաս հաղթանակն ու Նիկոլի տապալումը:

Սյամոն, իհարկե, շատ բան ունի պատմելու ու բացատրելու, բայց ակնհայտ է, որ այդ ամենը տեղի չի ունենալու Նիկոլի՝ Սյամոյի հանցակցի օրոք: Սրանք միասին են տապալել պատերազմը, միասին էլ կոծկում են պարտության հանգամանքերը: Սյամոյի հարցաքննվելու ժամը կգա այն ժամանակ, երբ երկրում իշխանափոխություն տեղի կունենա: Ինչ վերաբերում է Անդոնի հանձնաժողովին, ապա այստեղ իշխանություններն ուղղակի շարժվել են հայտնի բոլշևիկյան ասույթով՝ ուզում ես գործը թաղել՝ հանձնաժողով ստեղծիր: