Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք դեռ մտածում են «ռևանշիզմի» մասին, ապա մենք ստիպված կլինենք չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը


14:10 , 22 ապրիլ, 2022
Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, ապրիլի 22-ին մեկնարկել է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը, որի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։

Ալիևը ևս մեկ անգամ կոչ է արել կոնկրետ բանակցություններ սկսել Երևանի հետ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։

«Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք դեռ մտածում են «ռևանշիզմի» (չակերտները՝ Tert.am) մասին և դրա հիման վրա խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» (չակերտները՝ Tert.am) ճանաչումը, ապա մենք ստիպված կլինենք համարժեք քայլերի դիմել և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ալիևը։

«Չնայած պատերազմի ավարտին, Հայաստանի տարածքային պահանջները չեն ավարտվել, բայց ես վստահ եմ, որ դրանք կդադարեն: Վստահ եմ, որ հետկոնֆլիկտային շրջանում մեր ձեռնարկած գործողությունների արդյունքում մենք կվերացնենք Հայաստանի և աշխարհի հայերի տարածքային պահանջներն Ադրբեջանի դեմ։ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի այլ երկրներից, բայց մենք էլ մեր տարածքը ոչ մեկին չենք զիջի»,- հավելել է Ալիևը։