00:27 , 19 ապրիլ, 2022Մեզ մեղադրել Արցախից ձեռքերը լվանալու մեջ, ներեցեք, անլուրջ է, այդ մասին վկայում են ՀՀ բյուջեից հատկացումներն Արցախին։ Այս մասին Առաջին ալիքի եթերում` Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Դիտարկմանը, թե իշխանությունն է հայտարարել, որ Արցախի անկախության նշաձողը պետք է իջեցնել, այս դեպքում` եթե Արցախն անկախ չէ, ապա մնում է Ադրբեջանի կազմում, եթե մնում է Ադրբեջանի կազմում, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը կհայաթափի այն, և հետևաբար ընդդիմությունն ասում է` դուք ձեռքերդ լվացել եք Արցախից, Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Դա ևս սրիկայություն է, որովհետև Փաշինյանն ասել է, որ միջազգային հանրությունը մեզնից սպասում է, որ կարգավիճակի հարցով մի աստիճան կիջեցնենք նշաձողը։ Մենք ինչպես ենք դա հասկանում. երբ նախկինում կար տեսակետ, որ պետք է լինի կարգավիճակ, որը կապահովի անվտանգությունն ու իրավունքներն ու ազատությունները, հիմա մենք դիտարկում ենք, որ պետք է հակառակ կողմից գալ, փորձել միջազգային հանրությունից ստանալ Արցախի բնակչության անվտանգության հստակ երաշխիքներ, ոչ թե այնպիսի, որ արդյունքում փառուխներ լինեն և այս ամենից բխեցնել կարգավիճակը»։
Դիտարկմանը, որ ձեզ երաշխիքներ ոչ թե միջազգային հանրությունը պետք է տա, այլ Ադրբեջանը, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Միջազգային հանրությունը պետք է ստիպի տալ այդ երաշխիքները»։