Բողոքի երթ՝ ուսման վարձավճարների բարձրացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով


23:34 , 26 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ և բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության և դրանից բխող համալիր ծրագրի բացակայության մասին, որի հետևանքներից մեկն է ԲՈՒՀ-երում ուսման վարձավճարների բարձրացման որոշումը: 

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը` որպես հայ ուսանողների շահերի պաշտպան, չի կարող համակերպվել այդ որոշման հետ: Մենք նախաձեռնում ենք բողոքի երթ` Հայաստանի գործադիր իշխանության ուշադրությունը վերոնշյալ խնդիրների վրա հրավիրելով և պահանջելով չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում միասին ոտքի ելնել մեր իրավունքների պաշտպանության համար և վճռական բողոքի ձայն բարձրացնել այս և յուրաքանչյուր այլ անարդար որոշման դեմ: 

Երթը մեկնարկելու է սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ՀՊՃՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից` հետևյալ երթուղով` ՀՊՃՀ – ՈՒսանողական այգի – Աբովյան փողոց – Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց – Ալեք Մանուկյան փողոց – Վարդանանց փողոց – Խանջյան փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Հանրապետության հրապարակ – կառավարության շենք: