Վիգեն Խաչատրյանն իրականում մի պարզագույն տրյուկ է անում՝ սեփական թիմի մեղքերն ու գաղտնի նպատակները փաթաթում է ընդդիմության վզին


14:27 , 15 ապրիլ, 2022
Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Խաչատրյան Վիգենը, որ Ազգային ժողովում ակնհայտորեն ստանձնել է Իլհամ Ալիևի՝ Հայաստանի մասով օգնականի առաքելությունը, հայտարարել է, թե իրենք ուզում են Արցախը պաշտպանել նաև նրանցից, ովքեր պատրաստ են Արցախից ազատվել, միայն թե իշխանություն զավթեն Հայաստանում: «Երբ որ 30 տարի անցնում է, չի կարելի համառորեն պնդել մի բան, որը տանում է կործանման»,-ասել է բանախոսը՝ միաժամանակ հայտարարելով, թե Հայաստանը միայնակ ուժ չունի՝ երաշխավորելու արցախահայության ապագան. մեզ պետք են գործընկերներ:

Ո՞ւմ նկատի ունի Խաչատրյան Վիգենն, երբ խոսում է ինչ-որ երևակայական իշխանություն զավթողների ու նրանց՝ Արցախի մասով ունեցած նպատակների մասին: Խորհրդարանական ընդդիմության մասի՞ն է խոսքը: Որտե՞ղ է լսել կամ տեսել Խաչատրյանը, ինչի՞ց ելնելով է հանգել այն տխմար մտքին, թե իբր ընդդիմությունը դեմ չէ Արցախի հանձնմանը միայն թե հասնի իշխանության:

Խաչատրյանն իրականում մի պարզագույն տրյուկ է անում՝ սեփական թիմի մեղքերն ու գաղտնի նպատակները փաթաթում է ընդդիմության վզին: Այդ Նիկոլ Փաշինյանն ու նրա մանկլավիկներն են, որոնց թվում և Վիգենը, որ պատրաստ են Հայաստանն էլ, Արցախն էլ կապիտուլացնել, բանտիկը՝ վրան տալ Իլհամին, միայն թե հավերժ «թագավորեն»: Ապացույցն այս օրերին խորհրդարանում հնչող իշխանավորների հայտարարություններն են:

Ինչ վերաբերում է 30 տարվան ու դրանով պայմանավորված իբր նոր ռեալներին, ապա ակներև է, որ այդ նոր ռեալներին համապատսխանելու համար կային ու հիմա էլ կան այլընտրանքային ուղիներ: Օրինակ՝ այդ այլընտրանքային ուղիներից մեկը պատերազմի բացառումն էր, «Լավրովի պլան» կոչվածի տակ ստորագրություն դնելն էր՝ առանց աքլորանալու, առանց սադրիչ հայտարարություններ անելու. եթե բանակը թույլ էր, ինչի մասին խոսում են ՔՊ-ականներն, ապա պետք էր այն ժամանակ եզրահանգումներ անել, ոչ թե հիմա՝ մատաղ սերնդին ոչնչացնելուց հետո կանգնել ու ասել, թե միայնակ ենք մնացել: Թե ՞խնդիրն այլ էր:

Միայնակ է մնացել Նիկոլ Փաշինյանն, այլ ոչ թե Հայաստանը, և այն օրն, երբ երկիրը կազատգրվի ներկայիս խունտայից, Հայաստանը կվերագտնի իր իրական դաշնակցներին՝ կամակատարից վերածվելով լիարժեք գործընկերոջ: