Nokia-ն դադարեցնում է գործունեությունը ՌԴ-ում
12:23 , 12 ապրիլ, 2022
Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող Nokia ընկերությունը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին հաղորդվում է ֆիննական ընկերության տարածած հայտարարության մեջ, որը երեքշաբթի հրապարակվել է նրա կայքում։
Ռուսական շուկայից դուրս գալու պատճառը Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունն է։
«Nokia-ի համար պարզ է, որ Ռուսաստանում հետագա ներկայությունն անհնար է... Մենք կարող ենք հայտարարել, որ հեռանում ենք ռուսական շուկայից»,- ասվում է կոմյունիկեի մեջ:
Ընկերությունը նաև նշել է Ռուսաստանում տեղեկատվության անխափան հոսքի և ինտերնետ հասանելիության ապահովման կարևորությունը։
«Երբ մենք հեռանանք ռուսական շուկայից, կձգտենք ապահովել անհրաժեշտ աջակցություն ցանցի պահպանման համար և կդիմենք համապատասխան լիցենզիաների համար՝ այս աջակցությունը տրամադրելու համար՝ գործող պատժամիջոցներին համապատասխան», - ասել է ընկերությունը։