Մեր «արաղ ախպոր» աչքալուսանքների շարքը շարունակվում է


12:38 , 11 ապրիլ, 2022

Աչքներս՝ լույս

Մեր «արաղ ախպոր» աչքալուսանքների շարքը շարունակվում է: Հիմա էլ, պարզվում է, հայ ժողովրդին շնորհավորանքի ուղերձ հղելու առիթ է դարձել ռուսների կողմից Երևանում նոր բարի բացումը: Թե հատկապես ինչո՞ւ է Քերոբյանը հենց այս իրադարձությամբ ոգևորվել ու «լայվ» մտել, առանձնապես դժվար չէ կռահել. որտեղ՝ ալկոհոլ, այնտեղ՝ Քերոբյան Վահան: Պլյուս դրան, իհարկե, այստեղ կա նաև PR-ի էլեմենտ՝ կապված, օրինակ Քերոբյանի ու տեղակալի՝ ապրիլի 10-12-ը ՌԴ գործուղվելու հետ. իբր դեռ գործուղումը չսկսած կամ չավարտած` արդեն իսկ կան դրական արդյունքներ:

Դժվար է ասել՝ Քերոբյանը սրանով ցանկանում է հասարակությա՞նը, թե՞ ասենք սեփական ղեկավարությանը «կտավատ» անել, բայց ինքնին փաստը հետաքրքրական է նաև այն հանգամանքով, որ, փաստորեն, բացահայտվում է Քերոբյանի մտքի ենթագիտակցական շերտերը, որոնք, ինչպես հասկանում եք, ներծծված ու թաթախված են «վոդկայով»՝ ռուսական ցորենի ընտիր սորտից ստացված:

Թե սույն բարի աշխատանքի արդյունքում որքան կավելանա ՀՀ համախառն ներքին արդյունքը, իհարկե, դեռևս այնքան էլ պարզ չէ, բայց այն, որ Քերոբյանի ոգևորությունը չափազանցված է, միանշանակ է. պետք է ոչ թե բարերից «լայվ» մտնել, այլ ասենք նոր բացված գործարանից, արդյունաբերական համալիրից և այլ նմանատիպ էական վայրերից: Բայց դե ի՞նչ անի խեղճ մարդը, մեր ունեցածն էլ դա է, ի՞նչ պակաս գործարան է որ: Արաղին մուննաթ: