18:34 , 26 օգոստոս, 2013Lragir.am-ը գրում է.
Տավուշի մարզի գյուղացիները բոյկոտել են դեղձի մթերման գործընթացը: Մարզի մի շարք գյուղերի բնակիչներ ցածր գնի պատճառով հրաժարվում են իրենց բերքը հանձնել տարածաշրջանում դեղձ մթերող Այրումի պահածոների գործարանին: Գյուղացիներից ստացված տեղեկատվության համաձայն` նրանք գերադասում են դեղձը հասցնել մոտակա քաղաքների շուկաներ, քան թե ջրի գնով հանձնել գործարանին: Այրումի պահածոների գործարանն այս օրերին մեկ կիլոգրամ դեղձը մթերում է 50 դրամով, այնինչ գյուղացիներն ասում են, որ դա դեղձի ինքարժեքից ցածր գին է:
Մարզի Արճիս գյուղի գյուղապետ Սեյրան Միկիչյանը Lragir.am-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունները, որ գյուղացիները դեղձը չեն տանում գործարան: «Մեր գյուղացիները ոչ մի գրամ դեղձ չեն տարել մթերման: Գինն իրանց ձեռ չի տալիս, ավելի նպատակահարմար են գտնում բերեն ապրանքը պահեստավորեն, քան 50 դրամով տան գործարանին»,- ասաց գյուղապետը: Նա նշեց, որ գյուղացիները հիմնականում շուկաներում են իրացնում իրենց բերքը, անհատներ կան, ովքեր գնում, հենց իրենք դաշտերից հավաքում ու 50 դրամով գնում են գյուղացիների բերքը: Գյուղապետի խոսքով` այս տարի դեղձի աննախադեպ բարձր բերք է ստացվել իրենց գյուղում:
«Զավոդը ընդունում է էն գնով, որ ձեռ չի տալիս մարդկանց, տեղափոխելն ավելի թանկ է նստում, չեն տանում մարդիկ»,- Lragir.am-ին ասաց Դեղձավանի գյուղապետ Յուրիկ Հովհաննեսյանը: Նա նշեց, որ բոլորն էլ դժգոհ են մթերման գներից: Դեղձավանից դեղձը Այրումի գործարան հասցնելու համար, ըստ գյուղապետի, 7-8 հազար դրամ գումար է անհրաժեշտ գյուղացուն, իսկ գործարանի վճարած գինը շատ ցածր է: «Ընենց որ միտք չունի գործարան տանելը»,- նշեց նա: