17:17 , 26 օգոստոս, 2013
Aysor.am-ը գրում է.
2013-2014 թվականների ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում պատշաճ ձևով դիմավորելու նպատակով տարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է զեկուցել հանրակրթության վարչության պետը:
«Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և այդ օրերին երեխաների անվտանգությունն ապահովելու համար պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը: Այդ նպատակով մայրաքաղաքի փողոցներում, մասնավորապես՝ կրթօջախներին հարակից տարածքներում, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ սեպտեմբերի 1-ից 30-ը պետք է հատուկ հսկողություն սահմանենք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ մինչև օգոստոսի 30-ն հանձնարարական է տրվել ապահովել տարրական դասարանների աշակերտների անվճար դասագրքերի բաշխումը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև հանրակրթական դպրոցների բուժկետերը համալրել առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով: Քաղաքապետի հանձնարարությամբ՝ կձեռնարկվեն քայլեր նաև դպրոցներում անխափան ջրամատակարարում և էլեկտրամատակարարում ապահովելու ուղղությամբ: