Ամերիկյան հետախուզությունն արձանագրում է Կիևից ռուսական զորքերի մի մասի դուրսբերումը. CNN


21:35 , 29 մարտ, 2022

Lurer.com-ը գրում է.

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց Կիևի և Չեռնիգովի ուղղություններում «մարտական գործողությունները կտրուկ նվազեցնելու» որոշման մասին, ԱՄՆ-ն արդեն հետևում է ռուսական զորքերի դուրսբերմանը, հայտնում է CNN-ը՝ հղում անելով երկու բարձրաստիճան պաշտոնյաների։

Ռուսաստանն սկսում է դուրս բերել որոշ ուժեր, ներառյալ ռուսական գումարտակային մարտավարական խմբերը, լքելով Կիևի մերձակա շրջանները, հայտնում են աղբյուրները։

«Ռուսական զորքերը այժմ նահանջում են Ուկրաինայի հյուսիսում գտնվող որոշ շրջաններում՝ հնարավոր է հարավում և արևելքում ուժեր կենտրոնացնելու նպատակով: Միացյալ Նահանգները չի բացառում, որ նման նահանջը կարող է ուղեկցվել Կիևի վրա օդային ռմբակոծություններով և հրետանային հարձակումներով: Ռուսաստանը միշտ կարող է փոխել նահանջը հերթական հարձակման փորձով, իհարկե, եթե դրա ուժն ունենա»,- զգուշացրել են CNN-ի զրուցակիցները։

Նշվում է նաև, որ, ըստ ԱՄՆ-ի, դրանք ոչ թե վերախմբավորման կարճաժամկետ մանևրներ են, այլ երկարաժամկետ քայլ, քանի որ Ռուսաստանի համար հյուսիսից ուկրաինական տարածքների վրա հարձակումը «ձախողվել» է։

Հրապարակման զրուցակիցներից մեկը նշել է, որ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ արևմտյան որոշ երկրներ կարող են ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի Կիևը համաձայնի խաղաղության պայմանագրին։