Հանուն արդարության պետք է ասեմ` նման ելքի չէի սպասում․ Առուշ Առուշանյանը՝ դատարանի դահլիճից ազատ արձակվելու մասին


16:03 , 28 մարտ, 2022

Հայ ազգը պետք է իմունիտետ ունենա՝ պայքարելու ցանկացած հարցում, ոչ թե գնա, դիմի այստեղ-այնտեղ, սրանք մեր ազգի մեջ սերմանում են թշնամանք, որ հարևանը հարևանի վրա գնա «գրի» և այլն։ Սա մեկ նպատակն ունի՝ մարդկանց մեջ վերացնել պայքարելու գենետիկ բնազդը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Նա նշեց, որ այս ընթացքում շրջելու է համայքներով՝ տեսնելու համար, թե ինչ փոփոխություններ են եղել։ «Թեև բոլոր խնդիրներից տեղյակ էի կալանավայրից, բայց կան խնդիրներ, որոք դեռ պետք է լուծվեն։ Ինչ վերաբերում է հաղթանակին, դա Բարձրյալի կամքն էր, մեր հաղթանակը բոլորինն է։ Հանուն արդարության պետք է ասեմ, որ նման ելքի չէի սպասում, որովհետև իրականությունը այլ բան էր ասում»,- նշեց Առուշանյանը։

Առուշանյանի կարծիքով՝ գործող իշխանությունը ընտրություններում իր նկատմամբ հաղթանակ տանելու մեկ տարբերակ ուներ, և դա իրեն չձերբակալելու տարբերակն էր։

«Ինձ ձերբակալելով՝ իրենք ապացուցեցին, որ մենք ճիշտ էինք»,- ասաց նա:

Դատարանի բակում Առուշ Առուշանյանին դիմավորեցին ծափահարություններով։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը։ Առուշ Առուշանյանի նկատմամբ պատիժը՝ 6 ամիս 12 օր ազատազրկում, պայմանականորեն չի կիրառվի, կնշականվի փորձաշրջան։