14:20 , 26 օգոստոս, 2013Դեռևս վաղնջական ժամանակներում վիթխարի կոթողներն ու բարձր շինությունները հզորության խորհրդանիշ էին հանդիսանում: Գիզայի բուրգերն ու դամբարանները հինավուրց շինությունների փայլուն օրինակներ են: Ժամանակի հետ մարդիկ սկսեցին ձգտել կառուցել հնարավորինս բարձր շինություններ: Աշխարհում կան բազում կառույցներ, որոնց բարձրությունն անցնում է մի քանի հարյուր մետրից: Այսօր դրանք ոչ միայն հզորություն խորհրդանշելու համար են կառուցվում, այլև ծառայում են որոշակի տնտեսական գործառույթների: Ահավասիկ աշխարհի ամենաբարձր շինությունների տասնյակը:
1. Բուրջ Խալիֆա (Դուբայ)

Արդեն մի քանի տարի է, ինչ Բուրջ Խալիֆան համարվում է աշխարհի ամենաբարձր շինությունը: 828 մետր բարձրությամբ այս շինությունը գտնվում է Դուբայում: Այս շենքում կա 163 շքեղ հարկ: Ի թիվս այլ բաների` այն ծառայում է նաև իբրև հյուրանոց: Բուրջ Խալիֆայի շինարարական աշխատանքներն ավարտվեցին 2010 թ.-ին, և այն հանձնվեց շահագործման:
2. Տոկիոյի երկնային ծառ

Տոկիոյի երկնային ծառը աշխարհի երկրորդ ամենաբարձր շինությունն է: Այն ծաայում է իբրև հեռուստաաշտարակ և հյուրանոց: 2010 թ.-ին այն ճանաչվեց ծագող արևի երկիր Ճապոնիայի ամենաբարձր շինությունը: Կառույցի բարձրությունը կազմում է մոտ 634 մետր:
3. Աբրաջ Ալ-Բաիթի աշտարակ, (Սաուդյան Արաբիա)

Երկնաքեր հիշեցնող այս կառույցի բարձրությունը կազմում է 601 մետր: Այն օտագործվում է իբրև աստղադիտարան, առևտրի կենտրոն և հյուրանոցային համալիր: Գտնվում է Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում և համարվում է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը:
4. Գուանչժոուի հեռուստաաշտարակ (Չինաստան)

Այս աշտարակը գտնվում է Չինաստանի Գուանչժու քաղաքում: Նրա բարձրությունը կազմում է մոտ 600 մետր: Ներկայումս այն իր բարձրությամբ աշխարհում չորրորդ տեղն է գրավում: Աշտարակի կառուցապատման աշխատանքներն ավարտին են հասցվել 2010 թ.-ին:
5. Սի-Էն Թաուեր /CN Tower (Կանադա)

Այս աշտարակը տեղակայված է Տորոնտոյում: Նրա բարձրությունը կազմում է 553 մետր: Կիրառվում է իբրև ռեստորան, հեռուստաաշտարակ և դիտարան: Երբ աշտարակի կառուցապատումն ավարտվեց 1976 թ.-ին, այդ ժամանակ այն համարվում էր աշխարհի ամենաբարձր շինությունը:
6. Օստանկինոյի աշտարակ (Ռուսաստան)

Այս աշտարակը կառուցվել է 1967 թ.-ին և ներկայումս աշխարհում վեցերորդ տեղն է գրավում իր բարձրությամբ: Նրա բարձրությունը կազմում է մոտ 540.1 մետր: Այն հանդիսանում է հեռուստառադիոաշտարակ և տեղակայված է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: 1967-1975 թթ. այն ամենաբարձր շինությունն էր համարվում:
7. Ուիլիս աշտարակ (ԱՄՆ)

Այս աշտարակը տեղակայված է Ամերիկայի Միացյալ Նահանգների Չիկագո քաղաքում: 443 մետր բարձրությամբ այս շինությունում կա 108 հարկ: Այն կառուցվել է 1973 թ.-ին և այն ժամանակվանից ի վեր անսասան ծառացած է Չիկագո քաղաքում:
8. Թայփեյ 101 (Թայվան)

Այս շինությունը գտնվում է Թայվանի Թայփեյ քաղաքում: Շինարարական աշխատանքներին մասնակցել են մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Նրանց տքնաջան աշխատանքի շնորհիվ 2004 թ.-ին շինարարությունն ավարտին հասցվեց: 101 հարկանի այս շենքի բարձրությունը կազմում է 508 մետր: Երբ շենքը շահագործման հանձնվեց 2004 թ.-ին, այն աշխարհի ամենաբարձր շենքն էր, սակայն 2010 թ.-ին այն իր տեղը զիջեց մի այլ երկնաքերի:
9. Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոն (Չինաստան)

Սա Չինաստանի Ժոովրդական Հանրապետության ամենաբարձր շենքն է: Իր բարձրությամբ այն իններորդն է ողջ աշխարհում: 101 հարկանի այս շենքի բարձրությունը կազմում է 492 մետր: Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտվեցին 2008 թ.-ին: Չինաստանն աչքի է ընկնում բարձր և ոճային շինություններով:
10. Միջազգային առևտրային կենտրոն (Հոնգ Կոնգ)

484 մետր բարձրությամբ այս կենտրոնը տեղակայված է Հոնգ Կոնգում: Շենքի շինարարական աշխատանքները ավարտին են հասցվել 2010 թ.-ին: 118 հարկանի այս շինությունը միջազգային առևտրի և կոմերցիայի կիզակետն է հանդիսանում: