Օմբուդսմենի արձագանքը Երևանի քաղաքապետարանի և Ոստիկանության գործունեությանն առնչվող մի շարք հնչեղ խնդիրներին


11:18 , 26 օգոստոս, 2013

Օմբուդսմենի արձագանքը Երևանի քաղաքապետարանի և Ոստիկանության գործունեությանն առնչվող մի շարք հնչեղ խնդիրներինAravot.am-ը գրում է.

Կոմիտաս փողոցում շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մենք ստացել ենք բազմաթիվ ահազանգեր և հետևել իրավիճակին մեր արագ արձագանքման խմբերի ու լրատվամիջոցների շնորհիվ: Այս միջադեպը նոր ցավ և դարձյալ հիասթափություն էր մեզ համար: Հատկապես հիասթափեցնող էր առանձին ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ ու անկանոն պահվածքը: Միջադեպի կապակցությամբ մենք վարույթ ենք հարուցել:

Արդեն պատրաստ է և այսօր կուղարկվի մեր պաշտոնական հարցումը Ոստիկանությանը:Ի թիվս այլ հարցերի մենք հատկապես ցանկանում ենք պարզել Արգիշտի Կիվիրյանի և այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության համաչափությունը: Ինչ վերաբերում է առանձին քաղաքացիների կողմից ոստիկաններին վիրավորելու և դիմադրություն ցույց տալու արարքներին, վերջնական գնահատական տալու իրավասությունը տրված է բացառապես դատարանին: Ցավոք, ներկայիս դատական համակարգի վերնախավի պարագայում նմանատիպ գործերով քչերն են ակնկալում արդար դատաքննություններ: Հաճախ դատարանների նկատմամբ արդարացի անվստահությունն է մեր քաղաքացիներին ստիպում դիմել ինքնիրավչության և ապօրինությունների, ինչը մարդկայնորեն հասկանալի է, բայց իրավական տեսանկյունից անթույլատրելի ու դատապարտելի է:

Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիաների մասնակից Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ծեծի կապակցությամբ և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները կիրականացնեն ոչ խտրական և բազմակողմանի քննություն, որի արդյունքում կբացահայտվեն բոլոր իրական մեղավորներն ու կենթարկվեն պատասխանատվության: Հավելենք նաև, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ստացված մեր բազմաբնույթ բողոքներից հասարակական լայն հնչեղություն են ձեռք բերել միայն այն դիմումները, որոնք վերաբերում են Երևանի քաղաքապետարանի և Ոստիկանության գործունեությանը: Մեր դիմումատուները ակնկալում են մեր գնահատականները հետևյալ հարցերի վերաբերյալ.

1. Որքանո՞վ էր իրավաչափ քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացումը:

2. Արդյո՞ք ոտնահարվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող մարդկանց իրավունքները:

3. Իրավակա՞ն է եղել արդյոք մայրաքաղաքում մեքենաների կայանման նոր համակարգի ներդրման որոշումն ու գործընթացը:

4. «Կոմայգու» տարածքում տևական ժամանակ առկա պոռնկությունից և այլասերված դրսևորումներից մարդկանց իրավունքներն ու բարոյականությունը պաշտպանելու բավարար միջոցներ ձեռնարկվե՞լ են, թե՞ ոչ:

5. Օրինակա՞ն է արդյոք Կոմիտաս 5 հասցեում նախատեսվող շինարարությունը:

6. Իրավաչա՞փ էին արդյոք Ոստիկանության գործողությունները օգոստոսի 24-ին Կոմիտաս փողոցում տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ