Տիգրան Արզաքանցյանը զղջացել է ԿԸՀ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու համար և տուգանվել 350 000 դրամով


18:06 , 17 մարտ, 2022

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը 2021թ. ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Արզաքանցյանին մեղավոր է ճանաչել կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար և նշանակել 350.000 դրամ տուգանք:

Ըստ մեղադրանքի` նա Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, որ սովորել է ՌԴ ինստիտուտում։ Այս փաստաթղթով Տիգրան Արզաքանցյանը կարողացել է տեղեկանք ձեռք բերել, որ վերջինս 4 տարում ՀՀ-ում է բնակվել և ներկայացրել է ԿԸՀ։

«Զղջում եմ իմ արածի համար, չեմ ցանկանում ցուցմունք տալ»,- ասել է Տիգրան Արզաքանցյանը։

 Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր էր ճանաչել Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու, հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի գրանցումը, ով այս ընտրություններին մասնակցելու համար ակնհայտորեն լուրջ գումարներ էր ծախսել և ում լուսանկարով պաստառները ընտրությունները դեռ պաշտոնապես չնշանակված, հայտնվել էին Հայաստանի գրեթե բոլոր անկյուններում։