Ռազմական հանցագործ․ Բայդենը՝ Պուտինին (Video)


10:11 , 17 մարտ, 2022

Tert.am-ը գրում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության ֆոնին, ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ», գրում է CNN-ը:

Հայտնի է, որ Բայդենն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ՝ նա ռազմական հանցագործ է»,-ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Հետաքրքրական է, որ նախ, Բայդենը պատասխանել է «ոչ» հարցին, թե արդյոք Պուտինը ռազմական հանցագործ է։ Հետո նա արագ վերադարձել է լրագրողների խմբի մոտ՝ պարզաբանելու, թե իրեն ինչի մասին են հարցրել։ Կրկին հարցին՝ արդյոք Պուտինը ռազմական հանցագործ է, ԱՄՆ նախագահը դրական է պատասխանել։

Մինչդեռ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անընդունելի է անվանել Բայդենի խոսքերը։

«Մենք անընդունելի և աններելի ենք համարում պետության ղեկավարի նման հռետորաբանությունը, որի ռումբերն ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր մարդկանց կյանք են խլել», - ասել է Կրեմլի խոսնակը։

Աղբյուրը նկատում է, որ պաշտոնյաները, այդ թվում՝ Բայդենը, նախկինում չեն ասել, որ Ուկրաինայում ռազմական հանցագործություններ են կատարվում։ Նրանք նշում էին, որ հետաքննում են, թե արդյոք այդ տերմինը կարող է օգտագործվել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների առնչությամբ:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դատապարտում է որպես ռազմական հանցագործ։ Փաստաթուղթը, որը ներկայացրել է հանրապետական Լինդսի Գրեհեմը, ստացել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների միաձայն աջակցությունը։ Սենատը խստորեն դատապարտել է Պուտինի օրոք ռուսական զինված ուժերի կողմից իրականացված «բռնությունը, ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները»։

Բանաձևը կոչ է անում Հաագայի միջազգային քրեական դատարանին և այլ երկրներին հետաքննություն անցկացնել «ռուսական ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարվել են Ուկրաինա ներխուժման ժամանակ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: