Չինաստանում կորոնավիրուսի ամենաուժեղ բռնկումն է գրանցվել


00:36 , 15 մարտ, 2022

168.am-ը գրում է.

Չինաստանում COVID-19 կորոնավիրուսով հիվանդացության ամենաուժեղ բռնկումն է դիտվում համավարակից ի վեր: Այդ մասին մարտի 14-ին հաղորդել է Associated Press գործակալությունը: Չինաստանի իշխանությունները երկուշաբթի օրը հաղորդել են երկրի տասնյակ քաղաքներում կորոնավիրուսով հիվանդացության 1337 նոր դեպքերի մասին:

Ախտահարումների մեծ մասը հայտնաբերվել է Ցզիլինի նահանգում, այնտեղ հայտնաբերվել է վարակման 895 դեպք: Նաեւ երկրի հարավային Շենչժեն քաղաքում, որտեղ կիրակի օրը՝ մարտի 13-ին, սահմանվել է լոքդաուն, հայտնաբերվել է 75 նոր դեպք, ինչպես նաեւ 41 նոր դեպք՝ Շանհայում: Մեկ օր առաջ երկրում հայտնաբերվել է վիրուսով ախտահարման 1,9 հազար նոր դեպք:

Հիվանդացության աճը Չինաստանում սկսվել է մարտի սկզբին: Հայտնաբերված դեպքերը մեծ մասամբ BA.2 շտամի տարատեսակ են, որը հայտնի է որպես «սթելս-օմիկրոն», ինչն օրիգինալ օմիկրոնից ավելի արագ է տարածվում: Չինաստանը մնում է աշխարհի այն քիչ երկրներից մեկը, որը հանձնառու է COVID-19-ի նկատմամբ «զրոյական համբերություն» քաղաքականությանը:

Դա նշանակում է վիրուսի տարածման սահմանափակում խիստ «լոքդաունի» եւ պարտադիր կարանտինի միջոցով այն անձանց համար, ովքեր շփվել են ախտահարված քաղաքացիների հետ: Քաղաքականությունը եղել է 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստման մի մասը, որոնք Պեկինում անցկացվել են 2022 թվականի փետրվարի 4-ից մինչեւ 20-ը, սակայն իշխանությունները որոշում են ընդունել՝ այն շարունակել նաեւ Խաղերի ավարտվելուց հետո: Չինաստանում համավարակի ողջ ժամանակաշրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման մոտավորապես 117 հազար դեպք եւ ավելի քան 4,6 հազար մահ՝ հիվանդության հետեւանքներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: