ԵՄ առաջնորդները աջակցություն են հայտնել Ուկրաինային, սակայն նրան ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չեն տվել
13:54 , 11 մարտ, 2022
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, Վերսալում քննարկելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, համերաշխություն և աջակցություն են հայտնել այդ երկրին, սակայն որոշում չեն ընդունել Կիևին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, ԵՄ-ն կշարունակի ամրապնդել կապերն Ուկրաինայի հետ, որը «պատկանում է եվրոպական ընտանիքին»։
Սակայն, ըստ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի, Բրյուսելից ամիսներ և տարիներ կպահանջվեն ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Կիևի դիմումի քննարկման համար։
Ինչպես ասվում է գագաթնաժողովի հայտարարության մեջ, ԵՄ խորհուրդը հանձնարարել է Եվրահանձնաժողովին գնահատական ներկայացնել ԵՄ-ին անդամակցելու Կիևի դիմումի վերաբերյալ: Փաստաթղթում նշվում է նաև, որ ԵՄ խորհուրդը Եվրահանձնաժողովին խնդրում է գնահատել Վրաստանի և Մոլդովայի դիմումները, որոնք, հետևելով Ուկրաինային, խնդրել են միանալ ԵՄ-ին։
ԵՄ առաջնորդները նաև խոստացել են մեծացնել ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա և հայտարարել են Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով հետագա պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին։