Եթե հասարակության IQ-ն թույլ է տալիս, որ իրեն դնեն բենգալյան ֆիկուսի տեղ, որին անհրաժեշտ է ընդամենը պարբերեբար ջրել, ապա կարելի է ասել ամեն ինչ


18:54 , 3 մարտ, 2022

Խորհրդարանական կամասուտրա
Երեկ խորհրդարանական ստրիպտիզի ապոգեյն էր։ Հայաստանի հանրապետության վարչապետը սպառնաց թափ տալ ոչ միայն մատ, այլեւ՝ ուրիշ բան։ Ուրիշ բանի քվինտեսենցիան, իհարկե, չառարկայացավ, սակայն հայ քաղաքական մշակույթը այսուհետ հատեց սեռապաթոլոգիկ դիսկուրսի բոլոր պլինդուզները։
Երեկ, սակայն, ողջ այս շիզոիդալ բալագանի ընթացքում Նիկոլը, IQ-ի հետ անհամատեղելիություն ունեցող կոնտենտին ուզում էր համոզել, որ նախկին բանակցող երկու նախագահները դավաճան էին, որովհետեւ «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» սկզբունքը, դա, ըստ Նիկոլի, հենց դավաճանություն է։
Օք, հարց չկա։ Եթե հասարակության IQ-ն թույլ է տալիս, որ իրեն դնեն բենգալյան ֆիկուսի տեղ, որին անհրաժեշտ է ընդամենը պարբերեբար ջրել, ապա կարելի է ասել ամեն ինչ՝ նաեւ, որ 44-օրյա պատերազմը մեր հաղթանակն էր՝ եթե հարցին մոտենանք Էնշթեյնի՝ հարաբերականության տեսության դոկտրինից։
Սակայն, ԱԺ-ում մատ թափ տալուց մի քանի ժամ անց, Նիկոլ Փաշինյանը, դիվանագետի օրվան նվիրված իր ելույթում վերցնում եւ հղում է անում Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության կողմից առաջարկված սկզբունքներին եւ տարրերին՝ որպես Հայաստանի համար ընդունելի տարբերակ։
Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Նա ասում է՝ «Մեզ համար մեծագույն խնդիր եւ առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը եւ բազմիցս ասել ենք, որ հարցի կարգավորումը պատկերացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջ քաշված սկզբունքների եւ տարրերի հիմա վրա»։
Ահա այսպես։
Ուստիեւ, եզրակացություն թիվ մեկ՝ ԱԺ ամբիոնի վրա մոմ թափեք։
Եզրակացություն թիվ երկու՝ ԱԺ նիստերի հեռարձակումը դադարեցրեք։ Զզվելի է։