Զվարճալի. Կարեն Քոչարյանի տպավորությունը` Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից


18:55 , 24 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հանրահավաքից ստացած տպավորությունը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը որակում է մեկ բառով՝ «զվարճալի»:

«Իմ տպավորությունները զվարճալի են շատ»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգը:

Հիշեցնենք, որ երեկ հրավիրված հանրահավաքին, որը վերնագրված էր «Անկախության օրակարգ», «Ժառանգություն» կուսակցության նախագահը մի քանի հայտարարություններ արեց: Այդ թվում՝ որ ամեն ինչ այս տարվա մեջ փոխվելու է, վերհիշեց նախագահական ընտրությունների արդյունքները և կրկին հայտարարեց, որ Հայաստանում առկա է 80/20-ի դիմաց պարտված «անընտիր» իշխանություն, որն իրեն, կնոջը, երեխաներին ու մերձավորներին քաշել տվեց Բաղրամյան 26-ի ասֆալտի հոտը: Վերհիշեց նաև իր և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համատեղ աղոթքը՝ այն մատուցելով որպես թե` 
«ոստիկանապետը որոշեց ժողովրդի կողմից ընտրված քաղաքացու հետ քայլել և աղոթել ընտրակեղծարարների հոգիների համար»:

Սակայն ամենաանսպասելին հանրահավաքի եզրափակիչ մասն էր, երբ «Ժառանգության» առաջնորդը հայտարարելով, որ այս հինգշաբթի միանալու է ազատամարտիկների հրավիրած հանրահավաքին՝ այն համարելով իրենը (որպես ՀՀ քաղաքացի) ներկայացրեց առաջիկա հավաքների ժամանակացույցը՝ Վանաձոր, Գյումրի, Երևան, Արցախ երթուղով:

Կարեն Քոչարյանը երեկվա հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի ելույթի բառապաշարում որսացել է բառեր, որոնք հատուկ էին նախագահական ընտրություններից հետո հետընտրական Հայաստանում նրա երբեմնի ելույթներին, բայց դա, քաղտեխնոլոգի խոսքով՝ ոչինչ չի նշանակում:

«Էն ժամանակ էդ բառապաշարով ի՞նչ արեց, որ հիմա ինչ անի»,- ասաց Քոչարյանը և ավելացրեց՝ «առավելագույնը պետք է գնա, աղոթի»:

Կարեն Քոչարյանի համար անհասկանալի և զվարճալի է Րաֆֆի Հովհաննիսյանի մյուս հայտարարությունը՝ թե Անկախության օրակարգում է հայ ժողովրդի արտագաղթը՝ ավտոբուսներով և ինքնաթիռներով:

«Մի քանի ամիս առաջ չկա՞ր այդ արտագաղթը, նոր եղա՞վ, նո՞ր նկատեց, երբ աղոթում էր՝ օրհասական չէ՞ր: Իսկ եթե ինքը նոր է նկատել, ուրեմն ավելացնելու բան չունեմ»,- հարցրեց և մեկնաբանեց քաղտեխնոլոգը:

Նա նշեց, որ չի ակնարկում, թե մոտեցել է քաղաքական աշունը, և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը վերադառնալու պատեհ առիթներ է փնտրում, քանի որ ըստ քաղտեխնոլոգի՝ աշունը միգուցե թեժ լինի, բայց պայմանավորված ոչ թե ներքաղաքական, այլ արտաքին քաղաքական զարգացումներով:

«Ու ինքը էդ խաղից արդեն վաղուց դուրս եկած է»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ չհամաձայնելով դիտարկման հետ, որ վերհիշելով նախագահական ընտրությունների արդյունքները՝ րաֆֆիհովհաննիսյանական 80/20 մեկնաբանությամբ, ակնարկում էր, թե դուրս եկած չէ:

«Դե, հիմա Հայրիկյանն էլ է շատ բաներ ասում արդեն 20 տարի է: Բայց դա ոչ մի բան չի նշանակում: Կա իրականություն, և քաղաքականությունը իրականության, իրականի արվեստ է: Իրական քաղաքականության հետ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ոչ մի կապ չունի: Եվ եթե Անդրեա Բոչելլի բերեն կամ «Ռեինկարնացիա», ապա մարդիկ միգուցե գնան նրանց լսելու, բայց ոչ «Անկախության օրակարգ»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կատարմամբ »,-ասաց Կարեն Քոչարյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում քաղտեխնոլոգը հայտնի ասացվածքը՝ թե «նույն գետը երկու անգամ չեն մտնում», լրացնում է սեփական մեկնաբանությամբ՝ «էն էլ մեկ տարվա մեջ»:

 Բերվեց «Հայ ազգային կոնգրես»-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակը, որն, ըստ Կարեն Քոչարյանի, նույն գետը մտավ տասը տարի հետո:

 Պայմանավորված արտաքին քաղաքական զարգացումներով, և առաջին հերթին՝ Վիլնյուսյան գագաթնաժողովին նախաստորագրվելիք ԵՄ ասոցացման համաձայնագրով՝ քաղտեխնոլոգը կանխատեսեց. «Քաղաքական ուժերը հետևելու են և, բնականաբար, ըստ ընթացող գործընթացների, որոշները ակտիվանալու են, որոշները՝ պասիվանալու են»:

Կարեն Քոչարյանը համամիտ չէ դիտարկման հետ, որ բացի ընդգծված ռուսամետներից, որոնք պարզորոշ դեմ են արտահայտվում Ասոցացման համաձայնագրին (քանի որ ասաց, որ ընդգծված արևմտամետներն էլ կողմ են արտահայտվում), մյուս քաղաքական ուժերը ոչ մի հստակ դիրքորոշում այս կարևոր հարցի նկատմամբ չեն արտահայտում:

«Կոնկրետ ո՛չ նրանք, ո՛չ սրանք ինձ համար անհասկանալի չեն, որովհետև ինձ համար անհասկանալի է, թե ի՞նչին են դեմ կամ ինչին՝ կողմ, եթե չեն կարդացել էդ փաստաթուղթը: Չի կարելի կողմ կամ դեմ լինել մի բանի, որին դու տեղյակ չես»,- մեկնաբանեց Քոչարյանը:

Նյութն ամբողջությամբ` այստեղ