14:55 , 23 փետրվար, 2022
ՌԴ նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի ստորագրած դաշնակցային հռչակագիր բազմակողմանի քննարկման կարիք ունի, սակայն այս պահին մի շատ կարևոր կետ արժի քննարկել: Ըստ այդ հռչակագրի
«Հոդված 17. Կողմերը ձեռնպահ են մնում միմյանց դեմ ուղղված ցանկացած գործողությունից, ներառյալ երրորդ պետությունների միջոցով իրականացվող գործողությունները»:
Մի պատմական զուգահեռ անցկացնենք։ 1927-ի հոկտեմբերի 1-ին Սովետա-Իրանական «Երաշխիքների ու չեզոքության մասին» պայմանագրի 6-րդ հոդվածում ասվում է, որ Սովետական Միությունը ստանում է իրավունք Իրան զորքեր մտցնել, եթե իր և իր դաշնակիցների տարածքների անվտանգության սպառնալիք առաջանա։ Իրանը նմանատիպ պայմանագիր ուներ Բրիտանիայի հետ։ Այդ պայմանագրի հիման վրա 1941-ի Սովետական Միությունն ու Բրիտանիան զորքեր մտցրեցին Իրան, համարելով, որ Իրանում Գերմանիայի ակտիվությունը նման սպառնալիք է առաջացրել։
1979-ի հեղափոխությունից հետը Իրանը հրաժարվեց այդ պայմանագրի 6-րդ հոդվածից, դրանով բարձրացնելով իր սուվերենության աստիճանը։
Ռուս-ադրբեջանական հռչակագրի մեկ այլ կետում ասվում է, որ «հոդված 11. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն զսպում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անձանց գործունեությունը` ուղղված մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ:»
Զուգահեռները ակնհայտ են ու այստեղ առաջանում է հարց, թե ով կարող է լինել այդ 3-րդ կողմը։ Հռչակագիրը կարծես թե հավասարակշռում, անգամ հակասում է ադրբեջանա-թուրքական Շուշիի հռչակագրին։
Ադրբեջանի համար այս հռչակագիրը շատ երկիմաստ վիճակ է ստեղծում։ Ըստ էության Ադրբեջանն այս հռչակագրով զիջում է իր սուվերենության մի մասը։