130 քաղաքացու նկատմամբ խարդախություն անելու քրգործով անցնող «Դավինչի» տուրիստականի տնօրենն ազատության մեջ է և նոր գործակալություն է ստեղծել


13:33 , 19 փետրվար, 2022

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը «Դավինչի» տուրիստական գործակալության ղեկավար Գրիգոր Սարգսյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը մերժել է եւ նրան ազատ արձակելու որոշում կայացրել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց այս քրեական գործով տուժողի կարգավիճակ ստացած, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Իմ տեղեկություններով՝ նա արդեն ստեղծել է տուրիստական նոր գործակալություն. այդ դեպքում ես չեմ բացառում նոր զոհերի առկայություն։ Սրանում մեծապես մեղավոր են վարույթն իրականացնող եւ գործին նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինները։ Այս քրեական գործը վարույթն իրականացնող մարմինը պետք է վաղուց ավարտեր եւ ուղարկեր դատարան, բայց այդպես էլ չուղարկեց»,- ասաց Ասլանյանն ու հավելեց, որ այս գործի նախաքննությունն անհարկի է ձգձգվում։

Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ Գրիգոր Սարգսյանը կալանքի տակ է գտնվել 4 ամիս։ Նա կալանավորվել էր գործից թաքնվելու եւ գործին խոչընդոտելու հիմքերով։

Նշենք, որ այս քրեական գործով տուժողի կարգավիճակ ունեն 130 քաղաքացի։ Գրիգոր Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, ոչ Գրիգոր Սարգսյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով)։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը, մի քանի այլ աշխատակիցների հետ, վերջին օրերին հարյուրավոր քաղաքացիներից՝ ծովափնյա հանգստի ուղարկելու պատրվակով, խարդախությամբ հափշտակել են միլիոնավոր դրամներ։