1723 նոր դեպք, 24 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում


11:41 , 17 փետրվար, 2022
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1723-ով և դարձել 411878: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 18 674 մարդ (+29), կատարվել է 2 846 177 թեստավորում (+5734), առողջացել են վարակվածներից 383 368-ը (+1668): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 24-ով և դարձել 8 253։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է անփոփոխ` 1581։
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։