Օբամայի խորհրդականները կքննարկեն Սիրիայի իշխանությունների դեմ գործողության ծրագրեր


11:33 , 24 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդականները հանգստյան օրերին խորհրդակցություն կանցկանեն Սպիտակ տանը` Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ հավանական գործողությունների հարցերով՝ չբացառելով ռազմական միջամտությունը սիրիական հակամարտությանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի իր աղբյուրներին:

Դեռևս հայտնի չէ՝ նախագահը կմասնակցի՞ խորհրդակցությանը: Ինչպես գրում է գործակալությունը, եթե Օբաման հանդիպի իր խորհրդականների հետ այդ հարցերը քննարկելու համար, հանդիպումը կլինի իր տեսակի մեջ առաջինը այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ տարածվեցին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մասին: Գործակալության փոխանցմամբ` հստակ որոշումներ նախատեսվող հանդիպմանը չեն ընդունվի:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ Պենտագոնը Միջերկրական ծովում գտնվող իր նավերը կտեղակայի Սիրիային ավելի մոտ այն դեպքում, եթե որոշում ընդունվի գործի դնել ռազմածովային ուժերը՝ սիրիական խնդիրը լուծելու համար: Նախարարը չի հստակեցրել, թե ինչ քայլեր են ձեռնարկում ռազմածովային ուժերը: