Ոստիկանները օդանավակայանում ձերբակալել են դանակի սպառնալիքով տոմսարկղի աշխատակցուհուց տոմս պահանջած տղամարդուն


23:52 , 11 փետրվար, 2022

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները փետրվարի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում, ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։

«Մոտեցել ու տեսել են, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքով՝ ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու տոմս տան։

28-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։

Տուժողից ընդունվել է հաղորդում», ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, տղամարդը ձերբակալվել է և կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: