09:03 , 24 օգոստոս, 2013
«Հրապարակը» գրում է. «Երեկ ուշ երեկոյան զանգահարեցին Սայաթ-Նովա 12 և մոտակա շենքերի բնակիչները՝ խնդրելով հրապարակել, որ իրենց պայքարը, բակում կառուցվելիք շինության հետ կապված, մտել է նոր փուլ։
Հիշեցնենք, որ «Լևոն թրավելի» շենքի բակում «Լարկո գրուպը» պատրաստվում է կառուցել 5 հարկանի շինություն, ինչի դեմ բողոքում են բնակիչները։
Նրանք հասել էին շինարարության կասեցմանը։ Իսկ պայքարի այս փուլն առանձնահատուկ է նրանով, որ գործին ներգրավվել է ոստիկանությունը։ Նախօրեին բնակիչներից 76-ամյա մի կնոջ տարել են ոստիկանություն և 6 ժամ պահել, որից հետո նրա առողջական վիճակը վատացել է։ Իսկ երեկ ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անել պայքարող ակտիվիսնտերի բնակարաններում։
Կենտրոնի ոստիկանության քննչական բաժանմունքի քննիչ Մուշեղյանը, դատարանի որոշմամբ, գնացել է խուզարկություններ անելու։
Պարզվում է՝ կառուցապատողը դիմել է ոստիկանություն և հայտարարել, որ իր փաստաթղթերը կորել են կամ գողացվել, և դրա հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Դատարանն էլ խուզարկության սանկցիաներ է տվել։
Եթե քրեաիրավական մեթոդները մինչ օրս կիրառվում էին քաղաքական դեմքերի, հիմա արդեն սկսել են կիրառվել իրենց իրավունքներ պաշտպանել փորձող շարքային քաղաքացիների նկատմամբ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: