Րաֆֆին իր ձեռքով կնքեց բոլոր ուժերի մահկանացուն


21:30 , 23 օգոստոս, 2013

Hayeli.am-ը գրում է.

Այսպիսով, ամռան ամիսներին կուշտ դնջանալուց հետո օգոստոսի 23-ին «Ժառանգությունը» հերթական հանրահավաքը, ավելի ճիշտ հանրային հավաքնանցկացրեց, որին մասնակցեցին նաեւ հանրային դեմքեր: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե այս ամիսներին ինքը հասկացավ, որ, իսկապես, «Հնարավոր է»…
Այո, հնարավոր է փոխել ամեն բան, բայց արդեն ոչ Ժառանգության, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի կամ էլ մահկանացուն վաղուց կնքած քաղաքական որեւէ ուժի միջոցով: «Հնարավոր է»…, բայց արդեն ոչ թե քաղաքական, այլ մեզանում ձեւավորված ալտերնատիվ պայքարի ճանապարհով: Որքան էլ Րաֆֆին հիշեցնի ամիսներ առաջ Ազատության հրապարակում տված միասին երդումը ` Հայաստանում արդարության վերականգնման համար եւ խոստանա, որ պայքարը շարունակվում է, միեւնույն է նա ինքն էլ ընդունել է, որ հանուն արդարության մղվող պայքան այսուհետ ոչ թե իրենցը` քաղաքական ուժերինն է լինելու, այլ շարքային քաղաքացիներինը` առանց պաթետիկ ելույթների ու մարդկանց էներգիան վատնող հանրահավաքների:
«Ոչ թե թեժ աշուն է լինելու, այլ հրամայական պայքար, որը կերտելու ենք քաղաքացիների հետ, մենք կլինենք քաղաքապետարանի, համալսարանի առջև, Կոմիտասի շենքի մոտ, բոլորն արժանի են զորակցման», հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը ինքն էլ խոստովանելով, որ պայքարի հարթակն այլեւս քաղաքացիական հասարակությանն է:
Ակնհայտ է, որ նա էլ է հասկացել, որ այս համակարգը հնարավոր չէ փոխել ընտրությունների կամ անգամ հետընտրական մաշող պայքարի միջոցով: Դա հասկանալի էր դեռ Մարտի 1-ից հետո, երբ իշխանությունները ցույց տվեցին, որ պատրաստ չեն զիջել իրենց աթոռները` անգամ մարդկային կորուստների գնով:
Իհարկե, չպայքարելը ավելի մեծ ամոթ է, ինչը արդարացիորեն չարեց Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի ընտրություններից հետո, բայց անպտուղ պայքարն ամենեւին էլ չի պարտադրում անհեթեթություններ, ինչից չկարողացան խուսափել Ժառանգությունն ու նրա ղեկավարը` «Զորավարի» հետ համատեղ աղոթք, Պուտինի դռնից օգնության ձեռք եւ էլի շատուշատ բաներ՚
Մյուս կողմից` քաղաքական ուժերի այս ինպոտենցիայի արդյունում մեզանում կայացան քաղաքացիական շարժումները, որոնք, իհարկե,եղել են երբեմն ուղղորդված, երբեմն թելադրված, բայց ցույց են տվել մի կարեւոր հանգամանք, որ ՀՀ քաղաքացին այլեւս պատրաստ է տեր կանգնել իր իրավունիքն, այլեւս չի դրսեւորելու հանցավոր հանդուրժողականություն եւ չի վախենալու փողոց դուրս գալ: Այս ամենը հասկացել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ հասկանալով հանդերձ այժմ նա ընդամենը փորձում է տեր կանգնել քաղաքացիական շարժումներին, այն շարժումներին, որոնք ամռան ամիսներին առանց Րաֆֆի Հովհաննիսյանի կամ մեկ այլ քաղաքական գործչի էլ փոքրիկ հաղթանակներ գրանցեցին.«Առանձին-առանձին հրապարակներում, պուրակներում, մեր բնակարանների համար պայքարելիս ոչ մի տեղ չենք հասնելու, դրա համար ես առաջարկում եմ այժմ արդեն, քանի ուշ չէ, մեր հաղթանակը, որ կերտել ենք, իննսուն տոկոսով մեր ձեռքում է, փոխենք մեր մեթոդաբանությունը, ընդունենք մեր սխալականությունը, միաժամանակ ազատամարտիկ, զինվոր ու ոստիկան միանանք` փրկելու մեր երկիրը սպասվող արհավիրքից»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ այդ կերպ բոլոր հարցերն իրենց լուծումը կգտնեն:
Հովհաննիսյանն առաջարկել է նաև, որ Ազատության հրապարակում միասնական հանրահավաք անցկացնեն սեպտեմբերի հինգին կամ վեցին, որն, ըստ նրա, բերելու է «հաղթանակի եղանակը»:

Անի Սահակյան