«Դուռը բաց, թե չէ կջարդեմ». կարմիրբերետավորները բռնի ուժով բերման են ենթարկել ԱՊՊԱ-ի թանկացումների դեմ ակցիա իրականացնողներին (Video)


13:28 , 31 հունվար, 2022

Երևանի հանրապետության հրապարակում ԱՊՊԱ–ի վճարների թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ին ոստիկանները բերման են ենթարկել։ Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար»,– նշեցին ոստիկանությունից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել են Հանրապետության հրապարակում: Ոստիկանները կանգնեցրել են նրանց, բերման են ենթարկել վարորդներից մի քանիսին, իսկ մեքենաները էվակուատորով հեռացրել: