Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը պահի տակ, կամ էմոցիոնալ պատճառներով տրված հրաժարական չէ


10:39 , 24 հունվար, 2022
Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահով ինձ ոչ թե իր անձի մասին արվող գնահատականները կհետաքրեին, այլ որոշ հարցեր.
- ինչու հիմա տվեց հրաժարական,
- ինչ զարգացումներ են սպասվում, որի հետ համաձայն չի ու որպես նախագահ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել,
- ինչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել,
- խոսելով «համազգային ճգնաժամի» մասին, նկատի ունի այն, ինչը տեղի է ունեցել, թե ինչ-որ նոր իրադարձություն է սպասվում,
- խոսելով իր ընտանիքի թիրախավորման մասին, ինչ նկատի ունի՝ մամուլի նյութերը, թե իշխող ուժն է ներքին կարգով թիրախավորել,
- գուցե իշխող ուժի մի նոր սցենար է փորձում իր հրաժարականով խաթարել,
- ինչ "արմատական քաղաքական փոփոխությունների" մասին է ակնարկում, որի վրա "նախագահը ազդելու հնարավորություն չունի",
- եվ վերջապես, ինչու այլեւս "սխալվելու հնարավորություն ազգը" չունի, ինչ իրադարձություն է սպասվում, ինչը նա սխալ է համարում։
Համենայն դեպս, այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել։
Հ.Գ. Արմեն Սարգսյանի հրավերով մի քանի անգամ երկար առանձնազրույցներ ենք ունեցել։ Նաեւ դրանց բովանդակությունից ելնելով կարծում եմ, որ սա պահի տակ, կամ էմոցիոնալ պատճառներով տրված հրաժարական չէ։