Անկախ ամեն ինչից ներկայիս վիճակի մեղավորներին պետք է ֆիքսել, դատել, գամել, քամել ու այդ ամենը արձանագրել պատմության գրքերում, որ ապագայում չկրկնվի


16:56 , 6 հունվար, 2022
25 տարեկանից ի վեր մարդն էլ ոչինչ չի ընտրում: Իր կյանքում տեղի ունեցող գրեթե բոլոր պրոցեսները ածանցյալ են այն որոշումների, որ նա կատարել է պատանեկությունից մինչև 25-30 տարեկանը: 25-ից հետո սկսում է` այդ որոշումների արդյունքում տեղի ունեցած իրադարձությունների հետ խաղաղ համակերպվելու գործընթացը: Ոմանց դա հաջողվում է, շատերին՝ ոչ: Հիշյալ խաղաղությունը գտնելու համար նախ և առաջ պետք է գիտակցել այն փաստը, որ քո` գրեթե բոլոր կարևոր որոշումները վաղուց կայացված են, և որ մնացած կյանքիդ ընթացքում դու դա պարզապես պետք է գիտակցես: Տրամաբանական է նաև, որ նրանց, ում հաջողվում է այս պարզունակ, բայց դժվար ընկալելի բանաձևը գիտակցել, ոչ միայն խաղաղվում են, այլ կարողանում են վայելել ներկան ու նույնիսկ կանխագուշակել ապագան:
Եթե 40 տարեկանում դու կարողանում ես հասկանալ, թե ինչպես քո պատանեկության և երիտասարդության տարիների որոշումներն ու ընտրությունները կերտեցին քո ներկայիս կենցաղը, ապա, զուտ փորձից ելնելով, կկարողանաս հասկանալ` ինչ է քեզ սպասում գալիք տասնամյակների ընթացքում: Առանձնահատուկ դեպքերում որոշ մարդիկ օժտված են լինում նաև այլոց ապագան կանխագուշակելու ունակությամբ: Խոհեմ պապերն իրենց թոռների ապագան կարող են կանխատեսել, խոհեմագույններն այլոց թոռների: Հայաստանում կային մարդիկ, որ 97, 98 ու 99 թվականների իրադարձությունների հիման վրա կանխագուշակել էին 2018, 19, ու 20 թվականների իրադարձությունները: Ընդ որում, դա միայն Տեր-Պետրոսյանը չէր, կա առնվազն մի 5-10 նմանօրինակ խոհեմություն ունեցող մարդ էս երկրում:
2040, 50 ու 60 թվականների իրադարձություններն էլ կերտվում են հենց հիմա ու հիմա նույնպես կան մարդիկ, որ գիտեն, թե ինչ է տեղի ունենալու մի քանի տասնամյակ անց և այդ իրադարձությունները անդառնալի են լինելու, քանի դեռ ստեղծված չի ժամանակի մեքենան: Ապագան տեսնելը մի աներևակայելի տաղանդ չէ, ընդամենը համբերություն է պետք: Համբերատարությամբ ուսումնասիրել է պետք ներկայումս առկա ինֆորմացիան:
Օրինակ` հայտնի է, որ մոլորակի բնակչությունը հասնելու է 11 միլիարդի և այլևս չի աճելու: 20 խոշորագույն բնակչություն ունեցող երկրներից կտրուկ նվազում է կանխատեսվում միայն Չինաստանում, Ճապոնիայում և Ռուսաստանում: Ընդ որում, եթե Չինաստանում ու Ճապոնիայում դա լուրջ ժողովրդագրական տրանսֆորմացիաների չի բերի, ապա Ռուսաստանն, եթե պահպանի ներկայիս տարածքը, ըստ այմենայնի, կդառնա երկրորդ Մեքսիկան` այն իմաստով, որ Մեքսիկայում բուն մեքսիկ էթնոս արդեն վաղուց չկա: Ռուսաստանը բնակեցված է լինելու հիմնականում էթնիկապես թուրքախոս ու մահմեդականություն դավանող ժողովրդով:
2100 թվին մարդկության 40%-ը լինելու է սևամորթ, 40%-ը ասիացի, մնացածն էլ լատինոս ու սպիտակ: Ընդ որում, եթե հիմա զարգացած երկրներում ապրում է մարդկության 17%-ը, ապա երեսուն տարուց այդ թիվն էլ ավելի է նվազելու` դառնալով 13%, իսկ ևս 50 տարուց այն կդառնա 10%, հետևաբար կտրուկ աճելու է աղքատների թիվն ու տոկոսը: Թեև ներկա պահին մարդկության 6.3%-ն է գործազուրկ, որոշ կանխատեսումներով այդ թիվը տասնապատկվելու է: Ամենամեծ գործազրկությունը լինելու է ԱՄՆ-ում ու ԵՄ-ում, որտեղ ապրելու է մարդկանց ամենաբարեկեցիկ 10%-ը, որոնց մեծ մասն ունենալու է բազային երաշխավորված եկամուտ` անկախ նրանից, թե ինչով են զբաղված ու զբաղված են արդյոք, թե` ոչ: Մնացած 90%-ը ձգտելու է ամեն գնով հայտվել բախտավոր 10%-ի շարքերում, ու նրանք, ովքեր կտիրապետեն որևիցե օգտակար շնորհի, ըստ ամենայնի կստանան մուտքի արտոնագիր, իսկ մնացածը` ոչ: Հետևաբար արևմուտքը սեփական ապրելակերպն ու սահմանները պահելու համար ողջ աշխարհում պետք է ստեղծի շահերի բախումներ (օրինակ Թուրքիայի ու Ռուսաստանի, կամ Հնդկաստանի ու Չինաստանի միջև) և փոքր ֆորպոստեր, ինչպիսիք են Իսրայելը, Մալազիան, Կոսովոն, կամ, ասենք, Հարավային Սուդանը:
Արևմուտքը պարտադիր պետք է պահպանի տեխնոլոգիական գերակայությունը բոլորի, ու մասնավորապես Չինաստանի նկատմամբ: Հետևաբար Tesla-ն ու նմանատիպ պրոյեկտները աճելու են «դոպինգի» տակ: Արևմուտքը նոր տեխնոլոգիաներ է մտցնելու շուկա ավելի արագ, քան Չինաստանը կկարողանա դրանք կրկնօրինակել ու գերազանցել: Չինական Huawei-ը արդեն գերազանցում է Apple-ին, բայց երկուսն էլ արդիականությունը կկորցնեն Tesla-ի նոր արբանյակային հեռախոսի վաճառքների սկսվելուն պես: Նույն Teslan-ն պիտի անմրցունակ դարձնի ցանկացած այլընտրանքային տիեզերագնացության նախագիծ: Ռուսաստանն արդեն դուրս է մղվել այդ դաշտից, նույն ճակատագիրն է սպասվում Իրանին ու Չինաստանին, որոնց հրթիռներն այնքան թանկ են նստելու, որ կոմերցիոն նպատակներով դրանցից օգտվելն անիմաստ է լինելու:
Սրանք հիփոթեզներ չեն, օրինակ` այն ենթադրությունը, որ Ուկրաինան միջին եկամուտով 5 տարուց կգերազանցի Ռուսաստանին, հիփոթեզ է, որը ունի որոշակի հավանականություն, իսկ վերոհիշյալ կանխատեսումներն արդեն գրեթե փաստեր են: Եթե ուզում եք ավելի գլոբալ ենթատեքստն ու իրադարձությունների զարգացման տրամաբանությունը հասկանաք, Ֆրիդրիխ Էնգելսի 1884 թվին գրված «Մասնավոր սեփականության, ընտանիքի և պետության ծագումը» կարդացեք: Ամեն ինչ կետ առ կետ գրված, հրահանգված է:
Այս ամենն ընդամենը շատ փոքր մասնիկ է այն իրադարձությունների, որոնք տեղի են ունենալու աշխարհում ու բոլոր էս պրոցեսներն ուղղակիորեն առընչվում են մեզ: Մեր այս նորածին պետությանը, որը բեղմնավորվեց 2020-ի նոյեմբերի 10-ին ու ծնվեց 7 ամիս անց, հունիսի 21-ին` ռախիդին բոլոր բնորոշ հատկանիշներով: Մեր նախորդ կյանքն ավարտվեց օրինաչափորեն վաղաժամ, ընդամենը 29 տարեկան հասակում և այդ վախճանը տրամաբանական հետևանք էր մեր կոլեկտիվ որոշումների, որոնք կայացվել էին 30 տարի շարունակ: Ու ստեղ հարցը բուն Հոկտեմբերի 27-ը չէ, չլիներ 27-ը, կլիներ 28-ը, 29-ը... Սենց, թե նենց հարցը պիտի լուծված լիներ նոյեմբերի 17-ի դրությամբ, քանի որ դրա հաջորդ օրը Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ պիտի Բաքու-Թբիլիս-Ջեյհանի համաձայնագիրը ստորագրվեր: Խնդիրն այն կոլեկտիվ որոշումներն ու քայլերն էին, որ բերեցին հասցրին մեզ այդ անդառնալի կետին: Լենինականի շենքերի ցեմենտը հո ռեպտիլոյիդները չէին գողանում... մենք էինք գողանում: Մենք էինք ատոմակայանի դեմ պայքարում, Եղվարդի ջրամբարի, Նաիրիտի, քիմպրոմի...
Տո հենց անձամբ ես, 4 տարեկան հասակում հորս ուսերին նստած` բղավելով «գործադուլ» ու 30 տարի անց նույն խելքով մտածում, որ գեներալները... կռված տղերքը... հզոր բռունցք կկազմեն, բան: Ինչպես 4 տարեկանում չգիտեի` ինչ ա նշանակում «գործադուլ» բառը, այդպես էլ 35 տարեկանում գաղափար չունեի` ինչ ա իրենից ներկայացնում հայկական բանակի փառապանծ գեներալը: Ու տենց... մեր պետության ցեմենտը էշ-էշ «կերանք» ու առաջին իսկ ցնցման ժամանակ մնացինք փլատակների տակ: Մենք մնացինք, իսկ կյանքը, երևի բարեբախտաբար, շարունակվեց:
Իմիջիայլոց մեր մոտ ցեղական ա: Հերս էլ 30 տարեկան ու ներքին օրգանների աշխատող էր, երբ ինձ իր ուսերին էր նստացրել «գործադուլ» բղավելու համար: Բնական է միանգամից գործից հանեցին` համ Արցախցի էր, համ էլ «խնդրահարույց»... Պապս նույն տրյուկները հորս հետ էր անում: 60-ականներին հորս վերցնում ու մասնակցում էր Նեֆչի-Արարատ խաղից հետո մերոնց հաղթանակը տոնող հայ ազգայնականների երթին Բաքվի կենտրոնական փողոցներով: Պապուս Միշա էին ասում, թեպետ իր իսկական ու արտասանելու համար արգելված անունը Միրզա էր: Պապուս հերը իր որդու անունը Միրզա էր դրել, որ «թուրքի աստվածը չանիծի երեխային», սա ազգամիջյան ատելության լրիվ նոր, ինչոր պրագմատիկ սնահավատության մակարդակ էր: Պապուս հոր անունը նույն տրամաբանությամբ Շամիր էին դրել, իսկ Շամիրի հոր անունը Աղաջան: Ընդ որում, սրանք թուրքական անուններ չեն, այլ` պարսկական: Այս երեք սերունդներից յուրաքանչյուրում մոտ 4-6 արու զավակ կար, որոնցից մեկի անունը ոչ հայկական էին դնում, որ օրինաչափ դարձած ջարդերի ժամանակ գոնե այդ մեկը փրկվելու շանս ունենա: Դավիթբեկյան ապստամբությունների հետցնցումների արդյունքում մանուկ հասակում որբացած իմ նախահայր Դանիելն այդ դասը շատ լավ էր յուրացրել և իր որդի Վանեսին համապատասխան պատգամն էր տվել:
Մեր ընտանիքում այս ավանդույթը պահպանվեց մոտ 200 տարի, 18րդ դարի վերջից մինչև 20րդ դարի կեսերը, երբ օտար անվանումներով քողարկվելուց անցանք քաղաքացիական ակտիվիզմի: Երթերին ու գործադուլներին հետևեցին պատերազմները, որտեղ մեր ընտանիքը բնական է նույնպես անմասն չմնաց: 200 տարի հոսող արյան գետին ևս մի քանի առվակ միացավ, իսկ տատուս Հին Թաղեր գյուղը պատմության մեջ առաջին անգամ հայաթափվեց ու պատերազմի ավարտից հետո հանձնվեց Ադրբեջանին շատ անհասկանալի պայմաններում:
Հին Թաղերի հաձնման պատճառները հասկանալու ու ապագայում նման ստորություններ կանխելու համար պարզվում է` ոչ երեխաների անուններն էին կարևոր, ոչ էլ նույնիսկ գործադուլները: Պետք էր նստել թուղթ ու գրիչով հաշվել: Հաշվել ու հասկանալ, թե մենք էս աշխարհում ի՞նչ տեղ կարող ենք զբաղեցնել: Ընդ որում, քանի որ իմ 25 տարեկանն արդեն վաղուց անցել է, ես պետք է այդ հաշվարկն անեմ ոչ թե իմ, այլ իմ թոռան համար, այնպես, ինչպես իմ նախահայր Դանիելը 200 տարի առաջ դա արեց Վանեսի տղա Աղաջանի համար: Դանիելը պատգամել էր իր թոռներից մեկին տալ օտար անուն, որպեսզի փրկի ռուսական կայսրության «Դավիթ Բեկ» օպերացիայի հետևանքներից, իսկ ես պիտի հասկանամ` ինչ պատգամ պիտի թողնեմ «Նիկոլ Փաշինյան» օպերացիայի արդյունքներից թոռներիս փրկելու համար:
Հայերս 2100 թվին վերոնշյալ 11 միլիարդի մեջ կազմելու ենք ընդամենը 1.9 միլիոն: Նույն հարաբերակցությամբ կկրճատվի նաև Վրաստանի բնակչությունը: Թուրքիան ու Ադրբեջանը կմնան գրեթե անփոփոխ, իսկ Իրանը կտրուկ կաճի` հասնելով մոտ 100 միլիոնի: Տվյալ դասավորվածության մեջ Հայաստանը կամ կարա դե ֆակտո դադարի գոյություն ունենալ, անցնելով թուրք-ադրբեջանական ազդեցության տակ, կամ դառնալ Իրանի սատելիտ` Սիրիայի, Իրաքի կամ Աֆղանստանի պես, կամ պետք է արևմուտքի ֆորպոստը լինի, ամենահարուստ 10%-ի հավատարիմ սահմանապահը Իսրայելի կամ Հարավային Սուդանիպես (էդ արդեն ինչքան բաշարենք): Մոտավորապես այնպես, ինչպես եղել է 1700 տարի առաջ, երբ մեզ զոռով կպցրին նոր, լիբերալ պրոյեկտին, էն ժամանակվա «ինտերնետին»:
Էդ «առաջին քրիստոնյա ազգի» հեքիաթը սաղս էլ սիրում ենք, բայց դե դրա իրական պատմությունն ու ենթատեքստը շատ ավելի կարևոր էին ու ուսուցողական, առավել ևս հիմա: Հիսուսն ու յուր առաքյալներն էլ պատմության գլխավոր հեղափոխականներն էին: Ոչ Լենինի ու ոչ էլ, ասենք, Վիկտոր Ցոյի «առաքյալները» չկարողացան ապացուցել, որ իրենց առաջնորդները հարություն են առել, ինչքան էլ գոչում էին` «Ленин/Цой жив», իսկ Քրիստոսը մինչ օրս կա: Շատ կարևոր աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի նաև այն փաստը, որ հռոմեացիք չէին ցանկանում խաչել Հիսուսին ու «լվացին իրենց ձեռքերը»: Հիսուսին խաչեց տեղի օլիգարխատը` Կայիափայի գլխավորությամբ ու դե բնական է ժողովրդի ձեռքերով: Խաչեցին, որպեսզի սեփական աթոռը չզիջեն, բայց խաչելուց 30 տարի անց միևնույն է ամենինչ կորցրեցին: Հռոմեացիք միևնույն է Սողոմոնի տաճարն էլ քանդեցին, հրեաներին էլ աքսորեցին ու փաստացի ոչնչացրին այդ ցեղը: Ներկայիս Իսրայելի բնակչությունը գենետիկորեն գրեթե կապ չունի սեմի ցեղի հետ:
Լավ ա, վատ ա... էս ա: Սա աստղագուշակություն չի, կոֆեի բաժակ նայել չի: Սա մաթեմատիկա է: Չոր հաշվարկ: Սենց ա եղել ու հետևաբար լինելու է:
Մենք հիմա կարանք (ու պիտի) կոտորվենք, պահանջելով հրապարակել, թե ո՞վ ա զորքի լրահամալրման դադարեցումը հրամայել, կամ ու՞մ պատճառով զորքը բացազատված չէր, կամ ինչու՞ է «ընդդիմություն» կոչեցյալը լեգտիմիացրել Փաշինյանին ու հետո յուր ԱԺ-ն ու ԱԺ նախագահին... կարանք... Ու գուցե հաջողվի էլ ստանալ, բոլորիս համար արդեն վաղուց ակնհայտ դարձած, պատասխանները, բայց իրականությունը դա չի փոխի: 2022 թվականը դա չի փոխի: Էսօր, էս տարի ու գալիք տարիներին մենք կարող ենք փոխել միայն 2050 թվականը, այն էլ, եթե ճիշտ հաշվենք: Մոլորակի համար էական չէ հայերը կլինեն 1.9 միլիոն, թե, ասենք՝ 2,2: Պատմության էջերում դա ընդամենը վիճակագրական ճշգրտում կլինի, մինչդեռ մեր համար դա հավելյալ 300 հազար թոռան ժպիտ է, գոյության գրավական ու կյանքի իմաստ: Եթե իհարկե ճիշտ պատվիրաններ իջեցնենք ու ստիպենք, որ պահպանեն:
Պահպանելու ձևն էլ ամենապարզն է՝ անկախ ամեն ինչից ներկայիս վիճակի մեղավորներին պետք է ֆիքսել, դատել, գամել, քամել ու այդ ամենը արձանագրել պատմության գրքերում, որ ապագայում չկրկնվի: Հուդան պետք է ստանա իրեն հասանելիքը, Կայիափան` իրենը, հռոմեացիք` իրենցը... ապագա փոքրիկ Արթուրներն էլ պիտի իմանան, որ պապու ասածը պիտի անեն, այլապես պատիժը անխուսափելի է լինելու: Այդպես էր պատվիրել պապուս պապու պապը` Դանիելը: Իր խաղաղվելու գրավականը դա էր:
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Ձեզ և մեզ մեծ Ավետիս...
Հ.Գ. Դանիելը քրիստոնեական անուն է: Հին կտակարանից է, եբրայերեն նշանակում է «նա, ում միայն աստված կարող է դատել»: Բաբելոնում Դանիելին գցել էին առյուծների վանդակ, որից նա փրկվեց իր հավատքի շնորհիվ: Նա գիտեր, որ Աստված կա ու, որ այն ամպերի վրա բազմած մեծ սպիտակ մորուքով բարի պապիկ չի: Դանիելը նաև հայտնի է ապագայի մասին իր ստույգ ու ցավոք ապոկալիպտիկ մարգարեություններով:
May be an image of big cat