Մեր մեջ կռված տղաներ կան, հեղափոխությանը մասնակցածներ, էն ժամանակ պետք էինք, հիմա պետք չե՞նք․ անօթևանների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց


16:20 , 3 հունվար, 2022
Վարդաշենի 9-րդ փողոցում գտնվող շենքում Անօթևանների կացարանի բնակիչները և աշխատակիցները բողոքի ակցիա են անում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց։ Ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց չհանել շենքից, 6 ամսով երկարաձգել իրենց կացարանում մնալու իրավունքը։

Կացարանի բնակիչների խոսքով՝ իրենց ցանկանում են այլ շենք տեղափոխել, որտեղ ապրելու համար պայմաններ չկան։ Նրանցից մեկը պատմեց, որ դեկտեմբերի 31-ին ցանկացել են իրենց տեղափոխել 4-րդ գյուղ, սակայն իրենք չեն համաձայնել։

«Կառավարության որոշում գոյություն չունի, գրավոր որոշում գոյություն չունի։ Դիմում ենք՝ թե՛ սոցապնախարարին, թե՛ վարչապետին, չէ որ իրա համար այդքան ձայն ենք տվել, մեր խնդրանքն է գան մեր կազմակերպության հետ գոնե 6 ամսով պայմանագիրը երկարացնեն»,- ասաց նա։

Բնակիչը հավելեց, որ իրենց մեջ կան մարդիկ, որոնք մասնակցել են պատերազմական գործողությունների։ «Մեր մեջ կռված տղաներ կան, հեղափոխությանը մասնակցած մարդիկ կան, էն ժամանակ պետք էինք, հիմա պետք չե՞նք»,-եզրափակեց նա։

Կացարանի բնակիչները մանրամասնեցին, որ շենքում բնակվող 93 քաղաքացիներից 43-ը հաշմանդամություն ունեն և չեն կարող ձմռանը հայտնվել փողոցում, այն պատճառով է, որ պետությունը չի երկարաձգել պայմանագիրը «Հանս Քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ։ Նրանք անհիմն են համարում պնդումները, թե հիմնադրամը պատշաճ չի կատարել իր պարտավորությունները։