Հրապարակված տեսանյութը Ալեն Սիմոնյանի հայտարարությունը չէ, դա մասնավոր զրույցից գաղտնի նկարահանում է, որտեղ Սիմոնյանը ասաց նույնը, ինչ ես, պարզապես ես սկանդալային չձևակերպեցի. Ռուբեն Ռուբինյան


16:07 , 8 դեկտեմբեր, 2021
Գերիների թեման շատ նուրբ և բազմաշերտ է։ Մենք միանշանակ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ադրբեջանում ապօրինի կերպով և նոյեմբերի 9-ի հայտարարության խախտմամբ պահվող գերիներն անհապաղ  վերադարձվեն Հայաստան, սա քննարկման ենթակա չէ։ Այս մասին, անդրադառնալով նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութին և գերիների վերաբերյալ հնչեցված կարծիքին, ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Գերիների գերի ընկնելու հանգամանքները միշտ պետք է պարզվեն` ինչու է այդպես տեղի ունեցել։ Իմ անձնական կարծիքն այն է, որ ռազմագերիների թեման հանրային առումով պետք է շոշափել հնարավորինս քիչ, որովհետև Ադրբեջանը փորձում է մեր ռազմագերիներին օգտագործել որպես պատանդ և որպես շանտաժ մեր դեմ։ Մեր ցանկացած քննարկում օգնում է դրան։ Մենք չենք ուզում, որ մի կողմից գերի ընկած զինվորներն իրենց նսեմացած զգան, մյուս կողմից ուզում ենք, որ մեր հանրությունը և զինծառայողները իմանան, որ գերի ընկնելը լավ բան չէ»,– ասաց նա։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության կողմից գերիների հարազատների և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ առաջարկված հանդիպման կազմակերպմանը, Ռուբինյանը ասաց.«Գերիների հարազատների հետ այս ընթացքում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ ամենաբարձր մակարդակով և ընդդիմության միջնորդությունը այդ հարցում պետք չէ»։

Հարցին` այս քննարկումների և քննադատությունների համատեքստում քննարկվել է արդյոք Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը, Ռուբինյանը պատասխանեց.

«Այդ թեմայով քննարկում չենք ունեցել, բայց մի ճշտում մտցնեմ։ Հրապարակված տեսանյութը Ալեն Սիմոնյանի հայտարարությունը չէ այն իմաստով, որ Ալեն Սիմոնյանը ոչ մի տեղ չի կանգնել և հայտարարություն արել, դա թաքնված տեսանկարահանում է մասնավոր զրույցից։ Նորից եմ կրկնում, այս թեման շատ նուրբ թեմա է, գերիներին ո՛չ պետք է հերոսացնել, ո՛չ նսեմացնել։ Մենք պետք է հաջողենք այնպիսի հանրային դիսկուրս ծավալել, որպեսզի մեր զինծառայողները հակված չլինեն առանց պայքարի գերի հանձնվել և նաև պետք է ջանք գործադրենք, որ վերադարձող գերիների արժանապատվությունը չնսեմանա։ Իմ տեսած ամբողջական տեսանյութում Ալեն Սիմոնյանն ասում է մոտավորապես նույնը, ինչ ես հիմա ասացի։ Հիմա այն, ինչ ես ասացի, կարող էի նույն բովանդակությամբ այնպես ձևակերպել, որ սկանդալային հնչեր»,– ասաց նա։

Պատասխանելով այն հարցին` արդյոք նման հայտարարությունները չեն դժվարացնում միջազգային ատյաններում գերիների վերադարձի գործընթացին, Ռուբինյանն ասաց. «Գերիների մասով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն առավել քան լեգիտիմ է և բխում է միջազգային իրավունքից։ Որևէ հայտարարություն, ճիշտ կամ սխալ, չի կարող ազդել դրա վրա։ Փաստ է, որ Ադրբեջանը պարտավոր է վերադարձել մեր բոլոր ռազմագերիներին»։