Եվրոպայի ամեն 10-րդ բնակիչ շաբաթվա վերջին վարակված կլինի կորոնավիրուսով. ԱՀԿ


17:39 , 7 դեկտեմբեր, 2021
Եվրոպայում ամեն 10-րդ բնակիչ մինչև շաբաթվա վերջ վարակված կլինի «Քովիդ-19»-ով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն:

«Նախորդ ամիս նախազգուշացրել էինք, որ 2022 թվականի սկզբին կարող է ևս կես մլն կյանք կորսվել, եթե մենք անհապաղ միջոցառումներ չիրականացնենք: Մեկ ամիս է անցել, ևս 120 000 մարդ է մահացել տարածաշրջանում, և ևս 10 մլն վարակման դեպք է արձանագրվել: Այս շաբաթվա վերջին Եվրոպական տարածաշրջանի ամեն 10-րդ բնակիչ վարակված կլինի «Քովիդ-19»-ով, ինչը կհաստատվի լաբորատոր հետազոտություններով»,- ասել է մասնագետը:

Նրա խոսքով՝ մինչ մոտենում է տարեվերջը և տոների ժամանակաշրջանը, կորոնավիրուսից մահացության արձանագրված դեպքերը հասել են բարձր ցուցանիշի՝ օրական մոտ 4100-ի, որը երկու անգամ ավելի է սեպտեմբերի ցուցանիշի համեմատ: Երկու շաբաթ առաջ արդեն կորոնավիրուսից մահացության ցուցանիշը տարածաշրջանի 53 երկրում հատել է 1,5 մլն-ի շեմը: