Եվրամիությունն ավելացրել է պաշտպանության ծախսերը


22:13 , 6 դեկտեմբեր, 2021

Եվրամիության պետությունները 2020 թվականին պաշտպանության ծախսերը 2019 թվականի համեմատությամբ ավելացրել են 5 տոկոսով, չնայած կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքներին: Այդ մասին դեկտեմբերի 6-ին հաղորդել է Եվրոպայի պաշտպանության գործակալությունը:

«Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի պաշտպանության գործակալությունը գրանցում է պաշտպանական ծախսերի հինգտոկոսանոց աճ, չնայած կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքներին»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Նրա տվյալներով՝ ԵՄ-ի երկրները 2020 թվականին պաշտպանության վրա ծախսել են ռեկորդային 198 միլիարդ եվրո:

Միեւնույն ժամանակ ԵՄ-ի պետությունների ծախսերը պաշտպանության բնագավառի համատեղ նախագծերի վրա, ընդհակառակը, նվազել են 13 տոկոսով եւ կազմել 4,1 միլիարդ եվրո: Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հաղորդել է, որ դաշինքի պետությունների միագումար ռազմական ծախսերը 2020 թվականին գնահատվել են 1092,5 միլիարդ դոլար (2020 թվականի հոկտեմբերի տվյալները), ինչը գրեթե 61 միլիարդ դոլարով ավելի է, քան եղել է 2019 թվականին (1031 միլիարդ դոլար), հաղորդել է  ՌԻԱ Նովոստին: