«Փաստ»․ ՏԻՄ ընտրություններ. քաղաքակա՞ն, թե՞ անձերի պայքար


09:53 , 2 դեկտեմբեր, 2021

«Մի շարք խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններին հաշված օրեր են մնացել, սակայն հոկտեմբերի 17-ի, նոյեմբերի 14-ի ընտրություններն ու նախընտրական այս փուլն արդեն իսկ որոշակի օրինաչափություններ են վեր հանել։ Խնդիրը մասնավորապես վերաբերում է համայնքային մակարդակում համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացման կարգին։ Իշխանությունները դեռևս անցյալ տարվանից ձեռնամուխ եղան ՏԻՄ ընտրակարգի փոփոխությանը՝ առաջարկելով 4 հազար և ավելի ընտրող ունեցող և բազմաբնակավայր համայնքներում սահմանել ՏԻՄ-երի համամասնական ընտրություններ, որոնց մասնակցելու են քաղաքական կուսակցությունները և դաշինքները։

Ընդ որում, այս համակարգը նախատեսում է քաղաքական թիմ ներկայացնող ընտրված ավագանի, որն իր միջից ընտրելու է համայնքի ղեկավար։ Այսպիսի փոփոխությամբ իշխանությունները հույս ունեին, որ իշխող ուժի ներկայացուցիչներին կհաջողվի կուսակցության աստառի ներքո ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տանել։ Մյուս կողմից էլ՝ պատահական չէ, որ սպասվող ՏԻՄ ընտրությունների ֆոնին իշխանությունները մեծ արագությամբ առաջ մղեցին համայնքների խոշորացման նախաձեռնությունը։ Խոշորացումն իշխանությունների գործիքներից մեկն է, որի միջոցով էլ փորձում են կուսակցականացնել համայնքային կառավարումը, քանի որ չորս հազարից պակաս բնակչություն ունեցող համայնքները ևս միավորվում են, ու հնարավորություն է ընձեռնվում արդեն խոշորացված համայնքի ներքո համամասնական ընտրություններ անցկացնել։

Այս ֆոնին իշխանություններին չի հետաքրքրում, որ առանձին փոքր համայնքներ ուղղակի կարող են անտեսված վիճակում հայտնվել, քանի որ նոր ընտրակարգի տրամաբանությունից ելնելով՝ համայնքային իշխանությունները խոշորացված համայնքի կազմում ներառված մեծ բնակչություն ունեցող գյուղերին ու քաղաքներին առավել մեծ ուշադրություն կդարձնեն, քանի որ դրանց բնակչության կարծիքն է ընտրություններին վճռորոշ նշանակություն ունենալու։ Իշխանությունների հաշվարկները բխում են այն ելակետից, որ ՏԻՄ համակարգի կուսակցականացումը իրենց հնարավորություն է տալու քաղաքական վերահսկողության տակ վերցնել համայնքային կառավարման համակարգը և վերացնել համայնքապետների ինքնուրույնությունը։ Այդպիսով, ՏԻՄ ղեկավարի պաշտոնը կորցնում է իր առանցքային դերակատարությունը, քանի որ նրան ընտրում է ավագանին, այսինքն՝ կոնկրետ կուսակցությունը:

Բայց նախընտրական ամբողջ շրջանը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ինչքան էլ փորձ արվի կուսակցականացնել ՏԻՄ համակարգը, միևնույնն է՝ տեղերում առաջին հերթին կարևորվում են անձերը։ Իհարկե, ՏԻՄ ընտրություններին մասնակցող մի քանի քաղաքական ուժեր կան, որոնց դերակատարությունը մեծ է, և քաղաքացիները մեծ ուշադրություն են դարձնում այդ հանգամանքին, բայց համայնքներում գլխավորապես առաջնորդվում են ոչ թե քաղաքական ուժերի անուններով, այլ անձերի գործոնով։ Ինչ վերաբերում է բուն նախընտրական փուլին, ապա, մասնավորաբար, ՔՊ-ն, որն այդպես էլ իրական գաղափարական հենք ունեցող կուսակցություն չդարձավ, լայնորեն օգտվում է իր՝ իշխանություն ունենալու հնարավորությունից։ Եվ քանի որ իշխող ուժն այսօր մեծամասամբ չունի ընտրություններին մասնակցելու տեսանկյունից ներկայանալի թեկնածուներ, ողջ հույսը դրել է վարչական լծակների կիրառման վրա։

Մյուս կուսակցությունների մեջ կան ճանաչվածները, ինչը նրանց պայքարին քաղաքական կշիռ է տալիս, կան նորերը, որոնց համար սա լավագույն քննություն կարող է դառնալ։ Այնուամենայնիվ, շատ է կարևորվում ընտրացուցակի առաջին տեղեր զբաղեցնող անձանց գործոնը։ Առավել ևս, որ մի շարք թեկնածուներ մասնակցում են հենց իրենց անունը կրող միավորներով: Այսինքն, նախկին մեծամասնական համակարգի հետ համեմատությամբ առանձնապես մեծ փոփոխություններ չկան։ Ուստի պատահական չէ, որ վերջին շրջանում մի քանի քաղաքապետերի թեկնածուներ նույնիսկ բացահայտ հայտարարում են, որ իրենք ՏԻՄ համակարգը քաղաքական չեն համարում, իսկ քաղաքապետի պաշտոնը դիտարկում են որպես զուտ վարչարարություն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։