«Տեղեկություն չունեմ, բայց հավանական չեմ համարում». Գորիսի փոխքաղաքապետը՝ Իշխանասարի մասին


18:15 , 30 նոյեմբեր, 2021

168.am-ը գրում է․

Այսօր առավոտյան Սյունիքի մարզի Իշխանասար համայնքի ղեկավարը հայտարարել էր, որ թշնամին հետ է քաշվել ՀՀ սուվերեն տարածքից։ Այս հայտարարությանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունը հորդորեց սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե՝ հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ՝ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա։

168.am-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանն ասաց, որ որևէ տեղեկատվություն չունի՝ Իշխանասարի հատվածից թշնամին հե՞տ է քաշվել, թե՞ ոչ։

«Ինքս որևէ տեղեկություն չունեմ, բայց հավանական չեմ համարում։ Եթե Պաշտպանության նախարարությունը հորդորում է հետևել պաշտոնական հաղորդագրությունների վրա, ապա պետք է այդ հաղորդագրությունը տարածի»,- նշեց Կարեն Քոչարյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշման արդյունքում և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ  Հարությունյանի հրամանով թշնամուն հանձնվեցին  Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։